կայտառ հոգին, ոգևորված շատախոսությունը և պարզամիտ փիլիսոփայական հայացքները միշտ այդպիսի վերաբերմունք էին թելադրում փոքրիշատե խելահաս խոսակցին։ Ինձ թվում էր, որ եթե Գարեգինը ներկա չլիներ, ես ու Սառան երկու խոսք չէինք գտնի իրար ասելու, մինչդեռ նրա ներկայությամբ մեր խոսակցությունն ի՜նչ բանի վրա ասես չէր դառնում։
Գարեգինի խանդավառությանը քիչ չէր նպաստում, անշուշտ, իմ այցը, մայիսյան հրաշալի երեկոն և մանավանդ իր պաշտած նորատի կնոջ ներկայությունը, որի գեղեցկությամբ, ինչպես թվում էր ինձ, պարծենում էր իմ առջև իր հոգու խորքում։
Այդ երեկո ես նորից առիթ ունեցա համոզվելու, որ Սառան հիրավի մի կատարյալ գեղեցկուհի էր, այն ուրույն գեղեցկուհիներից, որոնց դեմքի ինքնատիպ գծագրությունը մի անգամ տեսնելուց հետո խորապես դրոշմվում է մարդու հիշողության մեջ։ Նա հագած ուներ յապոնական ձևի տնային թեթև վերնազգեստ կարճ ու լայն թևերով, ծայրեզերված պերճ անկվածներով։ Երբեմն, երբ ձեռքերը բարձրացնում էր հարուստ մազերն ուղղելու, լայն թևերը ետ ծալվելով մերկացնում էին նրա արմունկները սպիտակ ու ողորկ և ծածկված փայլուն աղվամազով՝ ոսկու փոշու մեջ։
Բայց ինձ ավելի հետաքրքրում էր նրա ներքինը, քան թե արտաքինը, նրա հոգին, քան թե գեղեցկությունը։ Ու, դիտելով նրան, աշխատում էի նրա դեպի ամուսինը ցույց տված վերաբերմունքից կանխագուշակել, թե երկա՞ր կդիմանա արդյոք այդ «մեծ երեխայի» ձեռքին։ Թեև այդ նորատի կինը դեռևս մի կատարյալ հանելուկ էր ինձ համար, բայց լավ ճանաչելով նրա ամուսնուն, եզրակացությունս տխրառիթ էր։ Մի կին — լիներ նա Սառան թե մի ուրիշը — կարող էր խղճալ, գուրգուրել և սիրել Գարեգինին այնպես, ինչպես մեծ քույրը փոքր եղբորը, բայց կապվել նրա հետ կանացի բոցոտ սիրով՝ անկարող էր, որովհետև Գարեգինի իր բոլոր պատվական առաքինություններով հանդերձ զուրկ էր կնոջ մեջ այդպիսի անվերապահ սեր հարուցանող բացասական առաքինությունից — արուի ամեն ինչ ընկճող, ամեն ինչ հպատակեցնող միահեծան կամքից — մի բան,