Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բոլոր դրական բարեմասնություններից ավելի սիրում է կինը տղամարդու մեջ։

Մինչդեռ ես, այս խոհերին անձնատուր, դիտում էի այդ անհամապատասխան զույգը, Գարեգինը անհոգ ու երջանիկ, խոսում էր, հա՛ խոսում, ջրաղացի չախչախի պես անդնջում։

Ու չնկատեցի, թե ինչպես արևն արդեն հանգցրել էր իր վերջին ճաճանչները, և մութը սկսել էր բարձրանալ երկրի կրծքից։ Մի աներևույթ ձեռք կարծես գորշագույն շղարշ էր փռում քաղաքի վրա, և այդ շղարշը քանի գնում, այնքան թանձրանում էր։ Եվ ահա այստեղ ու այնտեղ սկսեցին փայլփլել առաջին ճրագները սկզբում աղոտ, հետո քանի բարձրանում էր խավարը, ավելի ու ավելի պայծառ։ Եվ մինչդեռ քաղաքն արագորեն սև էր հագնում՝ կորցնելով իր գծագրությունը, երկինքը դեռ երկար ժամանակ լուսավորված էր վերջալույսի մեռնող փայլով:

Շատ էի ուզում գեթ մի քանի րոպե մենակ մնալ Գարեգինի հետ, որպեսզի հարցուփորձ անեի Սառայի մասին, բայց այդ չհաջողվեց։ Սառան շարունակ նստած էր մեզ մոտ, և եթե կարիք էր լինում հյուրասիրության վերաբերմամբ որևէ պատվեր տալու աղախնին, միշտ Գարեգինն էր գնում։ Իսկ երբ, բավական ուշ, վեր կացա հրաժեշտ տալու, Սառան ևս եկավ մինչև դուռը ճանապարհ դնելու ինձ և ամուսնու հետ խնդրեց, որ շուտ-շուտ այցելեմ իրենց։

Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես, հակառակ ցանկությանս, այլևս հնար չունեցա այցելելու նրանց։ Մի քանի օրից մի անակնկալ շտապ գործով հեռացա Թիֆլիսից ես ամբողջ ամառը, մոտ երեք ամիս բացակա էի։ Այնուհետև երբ վերադարձա, առաջին գործս այն եղավ, որ տեսության գնացի բարեկամներիս։ Բայց նրանց բնակարանը փակ գտա, և հարևաններն ինձ ասացին, որ նորապսակ զույգը դեռևս հունիսին մեկնել է քաղաքից հայտնի չէ ուր։ Նոր հիշեցի, որ նրանք մտադիր էին ամառը մի ճանապարհորդություն կատարելու։ Մի ամսվա ընթացքում նորից մի քանի անգամ գնացի Գարեգինի բնակարանը և միշտ էլ բացակա գտա նորապսակ զույգին։ Գնացի պետական կալվածների տեղական վարչությունը, և այնտեղ ինձ ասացին, որ