Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արծվաքիթ մի երիտասարդ էր,— բոլորովին անծանոթ մի դեմք։ Դուրս գնացի խոհանոց, զարթեցրի ծառային և սկսեցի հարցուփորձ անել։ Նրա քնաթաթախ կցկտուր խոսքերից այս միայն իմացա, որ անկոչ հյուրս եկել է կառքով, մթնշաղին, մի ուրիշ պարոնի հետ, այդ պարոնը հեռացել է նույն կառքով, իսկ հյուրս իր ճամպրուկով ուղղակի մտել է, իմ անունս է տվել, ուտելու բան է պահանջել և, ոչինչ չստանալով, հանվել պառկել է անկողնումս, պատվիրելով, որ երբ գամ, զարթեցնի։

Վերադարձա ննջարանս և սկսեցի նորից դիտել քնած հյուրիս դեմքը։ Երկար ժամանակ հիշողությանս մեջ պրպրտում էի ինձ ծանոթ հին, մոռացված դեմքեր, որպեսզի նմանություն գտնեի դրանցից որևէ մեկի և անկոչ հյուրիս միջև, բայց և այնպես քնածի դեմքը մնում էր բոլորովին անծանոթ։

Ու մինչդեռ կանգնած էի նրա առջև և ապարդյուն պրպրտումներ էի անում հիշողությանս մեջ, նա, բերանը բաց, շարունակում էր խռմփալ այնքան ուժգին, որ զարմանում էի, թե ինչպես էր, որ իր սեփական խռմփոցի ձայնը չէր զարթեցնում նրան։ Երբեմն խռմփոցը կտրվում էր, և նրա բաց բերանից այնպիսի կերկերուն ձայներ էին դուրս գալիս, որ ինձ թվում էր, թե խեղդվում է։

Ձեռքս կամաց տարա նրա ուսին ոչ այնքան նրան զարթեցնելու, որքան նրա անտանելի խռմփոցի ձայները կտրել տալու համար։ Ձեռքիս շփումից նա հանկարծ մի կատաղի խռռոց արձակեց, լռեց, շարժվեց և աչքերը բանալով՝ ուղղակի տնկեց վրաս խոր քնից հանկարծ արթնացածի խելագար հայացքով, հետո աչքերը ման ածեց այս ու այն կողմը և նորից բերեց տնկեց վրաս։

— Մարգարյանն ես, չէ՞,— հարցրեց խռպոտ ձայնով։

Ոչինչ չպատասխանեցի։ Այժմ, որ նրա աչքերը,— խոշոր, սև աչքերը,— բաց էին, ինձ թվաց, թե այդ դեմքը ծանոթ է ինձ։

Ոտները ցած դրեց մահճակալից և սկսեց հետաքրքիր հայացքով նայել աչքերիս։

— Դե Միքայել Մարգարյանն ես, է՛լի, որ կաս,— ասաց