Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրական կերպով, կանգնեց, գրկեց ինձ և համբուրեց շրթունքներս։— Բայց այդ ի՞նչ է, արդեն ծերանո՞ւմ ես. մազերդ սկսել են սպիտակել։

— Ներողություն... ես.․.— թոթովեցի նրա անսպասելի մտերմական վարմունքից շփոթված, դեռևս լավ չկարողանալով մտաբերել, թե ով է։

— Պա՛հ, չես ճանաչո՞ւմ,— բացականչեց նա անկեղծ զարմանքով,— Թուսյանը չե՞մ, Ռուբեն Թուսյանը։

— Սա...

— Հա՛, հա՛, հենց ինքը Սատանի ճուտը.— իսկույն լրացրեց նա խոսքս։

Ձեռքս խփեցի ճակատիս։ Նոր հիշեցի, որ մի ժամանակ, շատ տարիներ առաջ, դասընկերներ ենք եղել, և նա մեր ընկերական շրջանում այդ մականունով էր հայտնի իր շատ չարաճճի բնավորության և արարքների պատճառով։

— Դե որ հիշեցիր, արի մեկ էլ պռոշտի անենք։

Ու, չնայելով խուսափումիս, որովհետև բերանից ծխախոտի ծանր հոտ էր փչում, նորից համբուրեց շրթունքներս և գնաց նորից նստեց մահճակալի վրա։

— Դու այնքան փոխվել ես...— ասացի՝ մի բան ասած լինելու համար։

— Տնաշեն, բա այսքան տարիների ընթացքում մարդ չի փոխվի՞․․․ մանավանդ արևելցին, որ այսօր, տեսնում ես, մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է։ Դե ասա տեսնեմ ոնց ես, ոնց չես, ի՛նչ ես անում։

Ու առանց սպասելու, որ ասեմ, թե ո՛նց եմ, ոնց չեմ և ինչ եմ անում, հարցրեց.

— Ժամը քանի՞սն է։

Նայեցի ժամացույցիս. տասնևմեկն էր։

— Պա՛հո, քնել եմ է՞։ Շնորհակալ եմ, սենյակդ տաք էր։ Ճանապարհին շան պես մրսում էի։ Հազիվ ջանս տեղն է եկել։ Վլադիկավկազից սկսած բեռնակիր ֆուրգոնով եմ եկել, ոսկրներս սաղ ջարդուփշուր արեց։

Հորանջեց, ձեռքերը տարավ վզի ետևը, մատները հյուսեց իրար մեջ և ամբողջ մարմնով ճմլկոտաց այնքան ուժգին, որ մատների խաղերը և վզի ոսկորները ճրթճրթացին։

— Այս անտեր մազոլն էլ հո հոգիս հանում է,— ասաց