Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մազերը, հոնքերն ու բեղերը սանրեց, աչքերով որոնեց, գտավ գլխարկը, թափ տվեց, ծածկեց, վերարկուն հագավ, ու դուրս եկանք։

2

Ճանապարհին առավ թևս և խոսում էր այնպիսի մտերմությամբ, որ կարծես ինձնից ավելի սրտակից բարեկամ չուներ։ Ճիշտ է, մի ժամանակ դասընկեր էինք եղել, բայց այդ այնքան վաղուց էր, որ ես ոչ միայն իսպառ մոռացել էի նրան, այլև այժմ, որ նորից հանդիպել էինք իրար, ոչ մի կապ չէի զգում իմ ու նրա միջև։ Եվ այդ էր պատճառը, որ նրա մտերմական վարմունքն սկզբում բավական տարօրինակ և նույնիսկ անախորժ էր թվում ինձ։ Բայց հետո, երբ նրա բնավորությունն սկսեց կամաց֊կամաց պարզվել ինձ համար, մի գիծ այդ բնավորության մեջ — թեև բացասական — կարծես թե գրավեց ինձ. այդ գիծն այն էր, որ նա ցինիկի պես անկեղծ էր, լրբի պես համարձակ և երեխայի պես անփույթ։ Ինձ թվում էր, թե նա ընդունակ էր և՛ ամենամեծ ցածությունը գործել, և՛ ամենամեծ առաքինությունը, և երկու դեպքումն էլ առանց իր արածի գիտակցությունն ունենալու, ինչպես մի մարդ, որ գործում է լոկ րոպեի ազդեցության տակ։

— Գլխարկիցդ տեսնում եմ, որ ուսանող ես. ո՞ր մասնաճյուղն ես ուսումնասիրում,— հարցրի։

— Բոլորը, այսինքն՝ էրոտիկականը, կոնծաբանականը, կարտյոժնիկականը, թատերական-ցիրկային-կուլիսականը, բորսայականը, տոտալիզատորականը և ուրիշ ի՞նչ նման ական ուզում ես,— շարեց իրար ետևից Թուսյանը, առանց բնավ ցույց տալու, թե կատակ է անում։ Ասենք, կատակ անելիս էլ, լուրջ խոսելիս էլ նա միշտ միևնույն տոնով էր խոսում։— Այս գլխարկս էլ որ տեսնում ես,— ավելացրեց նա,— շատ վաղուց է հրաժարական տվել ինձ, բայց հիմա, որ տուն եմ գնում, առել գլխիս եմ դրել, որ հորս ցույց տամ, թե դեռ ուսանող եմ, թե չէ՝ էլ մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի, որ աչքս կոխեմ, եթե, իհարկե, արդեն հոգոցն հանգուցելոց եղած չի լինի։