պես բութ ու անհամ, որ ատելով ատում եմ,— իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ էլ չես անի ա՛յն, ինչ որ թելադրում է սիրտդ, մարդկային բնույթը, միշտ կզսպես քեզ ժլատ մարդու պես, իսկ հետո մեկ էլ տեսար չկաս, Նիրվանա։ Այդպիսի կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի անվերջ մեծ պաս առանց զատկի։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն այն ամենը, ինչ որ կարող է հաճույք պատճառել։ Այսօր թե վաղը պետք է մեռնեմ․ չէ՞, էհ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չօգտվեմ կյանքից, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ սիրտս ուզում է, և ինչ որ կարող եմ անել այս րոպեին։ Ես դեռ կանեմ, հետո հերն անիծեմ, ինչ ուզում է, թող լինի։ Սա անարխիա է, կասես․ ոչ, սա ինքը կյանքի փիլիսոփայությունն է։ Հին փիլիսոփաների մեջ ամենից խելոքը, իմ կարծիքով, Էպիկուրն էր․— խլի՛ր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճույք կարող է պատճառել քեզ և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Այս է՝ աստված լուսավորի նրա հոգին։
Եվ Թուսյանը դատարկեց գինու բաժակը։
— Բայց դու մոլորության մեջ ես,— այլևս չկարողանալով համբերել, նկատեցի ես։— Էպիկուրն այդպիսի բան չի քարոզել։ Դու միայն կրկնում ես տարածված ընդհանուր սխալ կարծիքը նրա վարդապետության մասին, մի կարծիք, որի աղբյուրը ստոիկների զրպարտությունն է։ Ինչպես հայտնի է, ստոիկները էպիկուրի հակառակորդներն էին և ամեն տեսակ ափեղցփեղ բաներ էին տարածում նրա վարդապետության մասին, որպեսզի վարկաբեկեն նրան։
— Ի՞նչպես,— զարմացավ Թուսյանը։
— Այ ինչպես։ Եթե դու քիչ թե շատ հետաքրքրված լինեիր փիլիսոփայության պատմությամբ, կտեսնեիր, որ քո հավանած այդ փիլիսոփան ճիշտ հակառակն էր քարոզում այն բանին, ինչ որ դու ես դավանում և անում։ Ամենից առաջ պետք է իմանաս, որ Էպիկուրը շատ սակավապետ մարդ էր, գործ էր ածում ամենահասարակ կերակուր և խմում էր միմիայն ջուր։ Այն այգու մուտքի վրա, ուր նա հավաքում էր իր բարեկամներին, այսպիսի մակագրություն կար. «Ո՞ւզում եք հաճելի ժամանց ունենալ — մտեք այստեղ,