Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուր կգտնեք գարու հաց և աղբյուրի մաքուր ջուր»։ Իսկ դու այնպիսի խորտիկներ ես ուտում և առհասարակ այնքան ես ուտում ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս։ Այդ մարմնական ֆիզիկականը։ Իսկ հոգեկան֊բարոյականը...

— Հոգուդ սատկեմ, Մարգարյան, սպասիր,— հանկարծ ամբողջ կրծքով առաջ նետվեց Թուսյանը,— էքստրա քո կենացը խմեմ շատ տեղին նկատողությանդ համար։ Ճիշտ է, թեև ուտել-խմելս մի քիչ թանկ կնստի քեզ, բայց պետք է ներես հանուն մեր հին բարեկամության նորոգման։

Այս ասելով, բաժակը նորից լցրեց, խմեց մինչև վերջին կաթիլը, լեզուն ծլմփացրեց և, արմունկներով հենվելով սեղանին, աչքերը տնկեց աչքերիս։

— Այդ մարմնական-ֆիզիկականը, հետո՞։

— Ինչ վերաբերում է հոգեկան-բարոյականին, այսինքն նրա վարդապետության էականին,— շարունակեցի ես,— ճիշտ է, Էպիկուրը ստոիկներին հակառակ, պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք ճաշակելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հավանական հետևանքը, որովհետև, ասում էր, կան հաճույքներ, որոնց հետևանքը դառն է լինում։ Այ, օրինակ, այս րոպեին, ինչպես տեսնում եմ, որ դու հաճույք ես զգում, գինի խմելուց, բայց գիտեմ, դու էլ գիտես, որ վաղը ամբողջ օրը տրամադրությունդ շատ վատ պետք է լինի։

— Ի՞նչ, գլխի ցավ և ա՞յլն։ Անհոգ կաց, այդ կողմից ես ապահովագրված եմ, որովհետև վաղուց է, որ խմելը սովորություն եմ դարձրել։

— Այդ ավելի վատ։ Եթե ամեն մի հաճույք սովորություն ես դարձրել, ուրեմն հաճույքները կորցրել են քեզ համար իրենց նպատակը — քաղցրությունը կամ, ինչպես Էպիկուրն էր ասում, երջանկությունը։ Հենց այդ նպատակը պահպանելու և ուժեղացնելու համար էր, որ Էպիկուրը քարոզում էր ժուժկալություն,— և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում,— որովհետև հայտնի է, որ պահեցողությունից և ինքնազսպությունից հետո հաճույքի քաղցրությունն ավելի ուժեղ է լինում։ Ավելի վաղը