Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
8

Առավոտյան վեր կացավ բավական ուշ և երկար ժամանակ լվացվում էր ու մաքրվում։ Թեյից առաջ կոնյակ պահանջեց և նախաճաշում էր նախանձելի ախորժակով։ Այնինչ ես արդեն բավական ուշացել էի գործից և վեր կացա, որ գնամ։ Հայտնեցի, թե երբ և որտեղ եմ ճաշում, և ասացի, թե կարող է գալ ինձ մոտ, միասին կճաշենք։

— Այդ իր կարգին,— ասաց։— Բայց այս րոպեին ինձ փող է հարկավոր։ Նախ ուզում եմ հեռագիր տամ տուն, որ փող փոխադրեն, թե չէ՝ Թիֆլիսից ոտս դուրս դնել չեմ կարող. երկրորդ՝ պետք է բաղանիս գնամ, որովհետև ճանապարհին շատ եմ փոշոտվել, և երրորդ՝ պետք է արտաքինս մի քիչ կարգի գցեմ, թե չէ՝ սրանով մարդամեջ երևալ չի կարելի։

Եվ նա ցույց տվեց իր հագուստը, որը ցերեկվա լույսի տակ շատ խղճուկ տպավորություն էր գործում։

— Ասենք, ինձ շատ փող հարկավոր չէ,— ավելացրեց նա.— մի տասը-տասնհինգ ռուբլի որ տաս, բավական կլինի․ պետք է մի կամ մի զույգ շապիկ և մի փողկապ առնեմ, ուրիշ ոչինչ, իսկ չեմոդանումս մի քիչ օրինավոր հագուստ կա, մի վպխենա։

Տվի պահանջած գումարը և դուրս եկա, թողնելով նրան վերջացնելու իր նախաճաշը։ Ճաշին սպասում էի նրան ժամադրավայրում, բայց չերևաց և այդ օրը գիշերն էլ տուն չեկավ։ Ծառան պատմեց, որ առավոտյան իմ գնալուց հետո նա էլ շուտով դուրս էր գնացել, հետո մի քանի ժամից վերադարձել, հագուստը փոխել ու նորից դուրս գնացել։ Երկրորդ օրն էլ չերևաց։ Երևաց միայն երրորդ գիշերը շատ ուշ, երբ ես տանս նստա՛ծ դեռ պարապում էի։

Արտաքուստ բոլորովին կերպարանափոխվել էր։ Հագած էր շատ լավ կարած սև բաճկոն շատ լավ կտորից, գունավոր փայլուն ժիլետ և փայլուն կոշիկներ սուր քթերով և կոճակներով։ Շապիկը նոր էր, շատ բարձր, փղոսկրի պես փայլուն օձիքով և արյան պես կարմիր փողպատով, որի բարձիկի վրա շողշողում էր մի, ըստ երևույթին, իսկական