Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարբեր խմբագրություններում, իսկ 1913-ի մայիսի 1-ից մինչև 1915-ի վերջը՝ Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթում: Հոգնեցուցիչ աշխատանք, տառապալից կյանք՝ անցկացված գրեթե սկզբից մինչև վերջ նույն քաղաքում, նույն պայմաններում: Հանգստանալ-զվարճանալ-ճանապարհորդելը, տարրական մարդկային հաճույքները նրա համար չէին: Գրել սկսել է համարյա մանկական հասակից: Առաջին երկը, զարմանալի է, ոչ թե բանաստեղծություն էր կամ պատմվածք, այլ պիես՝ Թիֆլիսի բարբառով. «Մայինի գանգատը». «Բովանդակությունը մի արբեցողի ընտանեկան կյանքն էր»,— հիշում է գրողը: Շարունակում է պիեսներ գրել. պահպանվել են «Մեղր և ճանճերը» (1884, 1886), «Եղբայրը» (1887): Ունի նաև բանաստեղծություններ, մի երկուսը տպագրված պատանեկության շրջանում: 1887-ից դադարել է բանաստեղծություն գրել, համոզվելով, որ դա չի իր կոչումը: 1886-ին «Նոր-Դարում» լույս տեսան «Ճշմարիտ բարեկամը» պատմվածքը և «Նունե» վիպակը՝ Նար-Դոս գրական անունով: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սրբագրիչ էր տպարաններում: 1931 թվականի հունիսի 24-ին, Թիֆլիսում, նշվեց Նար-Դոսի գրական գործունեության 43-ամյա հոբելյանը, ինչպես հայտնում է մի նամակում՝ հակառակ իր կամքի: Միանգամայն անկեղծորեն, իսկ նա հայտնի էր իր ծայրահեղ համեստությամբ. հոբելյանական հանդեսի իր ելույթում ասաց. «...ես միշտ շատ համեստ կարծիք եմ ունեցել և այս 43 տարվա ընթացքում համեմատաբար այնքան քիչ բան եմ տվել մեր գրականությանը, որ պարզապես խիղճս թույլ չի տալիս ինձ արժանի համարելու այն մեծ պատվին, որ այս երեկո տվիք ինձ»: Բայց, այնուամենայնիվ, «եթե նյութական անիծված կարիքը չլիներ, ես ոչ մի պայմանով չէի համաձայնիլ, որ հոբելյան կոչված միմոսությունը սարքեին»,— կարդում ենք Հովհաննես Մալխասյանին ուղղած նույն տարվա մայիսի 17 թվակիր նամակում: Իսկ ի՞նչ էր պատահել. հրատարակելու էին ընդամենը՝ «Սպանված աղավնին», «Մեր թաղը» և մի քանի պատմվածք թերթերում: Իսկ 1933-ի մարտին, հայ մեծ գրողը հիվանդանոցից Երևան, «Հայպետհրատ», նամակ է ուղարկում՝ ավանս խնդրելով վերջապես հատորներով հրատարակվելիք իր երկերի համար. «Չգիտեմ երկերիս ժողովածուի I հատորը լույս տեսավ, թե ոչ, բայց դրությանս այնքան ծանր է, որ դրանով այժմ շատ էլ չեմ հետաքրքրվում»: Մնացել էր ընդամենը մի քանի ամսվա կյանք... մինչև՝ 13.7.1933: Այնպես էլ նա չտեսավ իր երկերի արժանի հրատարակությունը: Նար-Դոսը թաղված է Թիֆլիսում, Խոջիվանքի հայկական գերեզմանատանը:

2

1888-ին «Նոր Դարում» տպագրվեց «Աննա Սարոյանը», որը հեղինակի կազմած սեփական երկերի ցուցակում վաղ շրջանի առաջին վեց երկի մեջ համարվում է տպագրության միակ արժանին, իսկ ժանրով էլ միակն է. էտյուդ, գրված նամակների ձևով: Անթաքույց մի հանդիսարան է նամականին, սուբյեկտի ինքնաբացահայտում ու ինքնազննություն, արտաշխարհի