Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերգեյ Ստեփանիչը,— խոշոր արտաքինով, խոշոր բեղերով, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, սև ատլասի արխալուղով, որի վրա հուրհրատին էր տալիս ժամացույցի ոսկի հաստ շղթան,— նստած էր մի նոր հսկայական շինության բակում իրար վրա դարսած հաստ տախտակների վրա, արխալուղի վրայից հագած ամառվա վերարկուի փեշերը գոգին հավաքած, և «տերողորմյան» ձեռքին՝ դիտում էր օրվա վերջին աշխատանքները։ Տասնյակ վարպետներ և մշակներ ղժվժում էին կիսաշեն պատերի գլխին, տախտակամածների վրա, բակի մեջ, ցեմենտի տակառների, ավազի, հողի, ցեխի, գաջի ու կրի կույտերի և բուրգեր կազմած աղյուսների շուրջը։ Մի շատ բարձր պատի գլխին որմնադիրներից մեկը — մի պարսիկ— փափախը գլխին, մայր մտնող արևի կարմիր ճաճանչներով ողողված, համ շարում էր պատը, համ կլկլացնում մի բայաթի շատ ախորժալուր տենորով։

— Ուստա Սաքո՞ւլ,— բացականչեց Սերգեյ Ստեփանիչը։

— Տո, էդ ի՞նչ ա հալդ, էլի հիվանդ ե՞ս։

— Հա, աղա ջան։

— Տնաշեն, բա ո՞նց չլավացար մինչև հըմի։ Ըսկի դեղ-մեղ անում ե՞ս։

— Ընչոր ունեի, դիփ դեղի ու հաքմի տվի ու, ես ի՞նչ գիտեմ։ Էս անտեր ցավը մտել ա ջանս, դուրս չի գալիս։

— Բա ըսկի չե՞ս բանում։

— Թե որ լավ եմ ըլում, ընչի՞ չէ, մին-մին բանում եմ, համա դե մին-մին բանելով ի՞նչ կըլի։ Մի տուն օղլուշաղ պահելը դժար ա, աղա։

— Այ, թե ուզում ես, բան շատ ունեմ, ըստեղ էլ, ուրիշ տեղ էլ, արի բանի։

— Ուզում եմ, ո՞նց չեմ ուզում, աղա. այ, սրանց որ տեսնում եմ (Սաքուլը ձեռքով ցույց տվավ շուրջը), ջանս կրակ ա ընկնում, համա որ էս անտեր ձեռներումս հարաքաթ չկա։

— Բա ընչի՞ ես եկել։

— Եկել եմ, որ...— կմկմաց Սաքուլն աչքերը վայր թողնելով և չվերջացրեց։

— Որ էլի փող ուզես, չէ՞։