Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդեն ժամը երկուսն էր, որ դուրս եկանք։ «Այս ժամին ո՞ւր գնամ,— ասում եմ,— Մարգարյանին չեմ ուզում անհանգստացնել. քեզ մոտ պետք է տանես ինձ»։ Շատ էլ չէր ուզում, բայց ի՞նչ կարող էր անել։

— Ինչո՞ւ չէր ուզում։

— Չգիտեմ, վախենում է կնոջից, թե խանդոտ է։ Կնոջը տեսե՞լ ես։ Մի քիչ ջահել չէ, բայց վնաս չունի... ասող խոսող, կրակոտ։ Ուրախությամբ համաձայնեց, որ գնամ իրենց մոտ։ Ֆլիրտից-բանից կարող էր լինել, բայց դե մարդը շարունակ ցցված էր մոտներս։ Այսօր էլ նրանց մոտ ճաշեցի։ Իսկ հիմա գալիս եմ ուղղակի առանձին կաբինետից...

— Բայց դու փող չունեիր։

— Գիշերը խաղացի կլուբում և մի վաթսուն ռուբլու չափ տարա։

— Առանց փողի՞։

— Ինչո՞ւ առանց փողի, քո տված տասնհինգ մանեթից դեռ մի քանի կոպեկ մնացել էր գրպանումս.— հեգեց Թուսյանը։— Մարդը նա է, Մարգարյան, ով քեֆ է քաշում առանց փողի, թե չէ՝ փողով անդամալույծներն էլ պար կգան։ Ես միշտ փող ունեցել եմ և միշտ էլ չեմ ունեցել, որովհետև ունեցածս իսկույն ծախսել եմ կամ բաժանել կարիքավոր ընկերներիս։ Չունեցածս ժամանակ խաղացել եմ և համարյա միշտ էլ տարել։ Կանանց վրա էլ ոչ մի կոպեկ չեմ ծախսել։ Միայն այս գիշեր, որովհետև այստեղ օրինավոր ծանոթություններ չունեմ, տարածս վաթսուն ռուբլու մի մասը հալվեց առանձին կաբինետում։ Քամին բերեց, քամին էլ տարավ։ Մեզ էլ քամին է բերել, քամին էլ կտանի։ Մտածելու պետք չկա։ Ու դարձյալ գալիս ենք էպիկուրյան վարդապետության... Ներողություն, ի՛մ էպիկուրյան և ոչ քո: Համենայն դեպս, դու կարող ես միանգամայն հանգիստ լինել — քո տված տասնհինգ ռուբլին կորած տեղ չէ։ Չտամ էլ, վնաս չունի։

Տեսա, որ տրամադիր է երկար խոսելու, ուստի առաջարկեցի, որ գնա քնի։

— Որ չխանգարեմ, գրես։ Հնազանդվում եմ,— ասաց և վեր կացավ։ Առաջնորդեցի նրան հարևան սենյակը անկողին պատրաստելու։