Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՊԱՆՎԱԾ ԱՂԱՎՆԻՆ
Պատմվածք
Ռուբեն Թուսյանի

Բարեկամս, որ ինքն էլ չգիտե, թե ինչ է ինքը — մի սրիկա՞, թե շատ սովորական մի մարդ, որոնցով լիքն է աշխարհս — մի անգամ հետևյալը պատմեց մեր ընկերական շրջանում իր կյանքից։

-------

Սրանից մի քանի տարի առաջ, ամառը, օգտվելով արձակուրդից, հյուր էի գնացել հորեղբորս մոտ ամառանոց։ Հետս տարել էի հրացանս և շունս։ Որս անել շատ էի սիրում։ Առավոտները վաղ վեր էի կենում, գնում անտառը ամբողջ ժամերով թրև գալիս և մի ծիտ անգամ չէի գտնում, որ սպանեմ։ Դե ամառանոց, հազար ոտ էր ման գալի, բոլոր կենդանիները փախել էին։ Հետո ասացին, որ մի հինգ-վեց վերստի վրա մի լիճ կա, ուր վայրենի բադեր շատ են լինում։ Այնուհետև գնում էի այդ լիճը որս անելու։ Ճանապարհս անտառի միջովն էր։

Մի առավոտ, երբ անցնում էի այդ անտառով, եղևնու մի հսկայական ծառի վրա մի կտցահար նկատեցի։ Հենց այնպես, որպեսզի մի բան սպանած լինեի, հրացանս նշան դրի և արձակեցի։ Չիմացա՝ դիպա՞վ, թե ոչ, որովհետև հրացանիս տրաքոցն ու մի սարսափելի ճիչ բարձրանալը մեկ եղավ։ Նույն վայրկյանին մեկը դուրս թռավ ծառի տակից։ Մի աղջիկ էր, որին չէի նկատել ծառի հաստ բնի ետևը։ Գլխաբաց էր, բայց տաք վերարկու ուներ հագին,— օդը դեռևս բավական ցուրտ էր։ Գլխարկս վերցրի և ներողություն խնդրեցի։ Կանգնած էր անշարժ, ձեռքը կրծքին, ինձնից մի տասը քայլ հեռու։ Դեմքը մեռելի գույն էր ստացել. նայում էր ինձ անթարթ ահագին աչքերով և ամբողջ մարմնով դողում։ Նկարիչն ավելի լավ մոդել չէր կարող գտնել կենդանի