Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/604

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ասելս ու նրա տեղից վեր թռչելը մեկ եղավ։

— Գժվե՞լ եք, ինչ է,— աղաղակեց գունատվելով։

— Ներո՞ւմ եք, թե ոչ,— համառորեն պնդեցի ես։

— Ի սեր աստծո, դեն կորցրեք այդ հրացանը, ներում եմ,— արագ-արագ արտասանեց նա։

— Շնորհակալ եմ։ Այժմ հանգիստ կթողնեմ ձեզ,— ասացի, շվացրի շանս ու հեռացա։

Բավական տեղ գնալուց հետո ետ նայեցի։ Նա դեռևս կանգնած էր նույն դրության մեջ՝ ողողված վաղորդյան արևի ոսկեհուռ ճաճանչներով, որոնք ծառերի բների արանքից հազարավոր լուսեղեն ժապավեններ էին փռել դեպի անտառի խորքը, մեջ ընդ մեջ խառնված զուգահեռ ստվերներով։ Ցողի կաթիլները թարմ խոտի վրա պսպղում էին լուսատտիկների պես. կարծես կախարդական մի ձեռք անփույթ ու շռայլ անթիվ գոհարներ էր ցանել չորս կողմը։

Երրորդ առավոտյան նույն ծառի տակն էր։ Այս անգամ բարևս ընդունեց։

— Ձեզ խորհուրդ չեմ տա առավոտյան այս ժամին նստեք խոտի վրա. տեսնում եք՝ որքան թաց է,— ասացի։

— Խոտի վրա հո չեմ նստած, ասաց․— տեսեք։

Ու ցույց տվեց, թե ինչի վրա էր նստած, նստած էր հսկայական եղևնու մի հաստ արմատի վրա, որը մի կես արշին բարձր էր մնացել գետնից։

— Այդ միևնույն է,— ասացի,— խոնավությունը կարող է ձեր ոտներից անցնել։

Անփույթ կերպով թափ տվեց ուսերը, և առաջին անգամ նրա դեմքի վրա մի թեթև ժպիտ նկատեցի։

— Դուք երևի ամեն առավոտ որսի եք գնում,— ասաց, շոյելով շանս գլուխը, որ նորից մոտեցել և հոտոտում էր նրան։

— Այո։

— Ո՞րտեղ։

Տեղն ասացի։

Գիրքը բաց ու խուփ արավ, ըստ երևույթին ուզեց բան ասել, բայց ոչինչ չասաց, թեթևակի կարմրեց ու գլուխը կախեց գրքի վրա, աշխատելով այնպես անել, որ դեմքը չտեսնեմ։