Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ցտեսություն,— ասացի։

— Ցտեսություն,— արձագանքեց նա, առանց գլուխը բարձրացնելու գրքի վրայից, և ես հեռացա իմ ճանապարհով։

Նրա այս վերջին բարեհաճ ընդունելությունն ինձ այն համոզման բերեց, որ ամեն առավոտ ես նրան կհանդիպեմ նույն տեղում։ Եվ չսխալվեցի. չորրորդ առավոտյան նույն տեղումն էր։ Այս անգամ արդեն իրար հանդիպեցինք իբրև հին ծանոթներ։

— Գիտե՞ք, երեկ մի բան էի ուզում խնդրել ձեզ, բայց չհամարձակվեցի,— ասաց ժպտալով և կարմրեց։

— Ի՞նչ։

— Ուզում էի խնդրել, որ թույլ տաք ինձ գամ ձեզ հետ, տեսնելու, թե ինչպես եք որս անում։

— Դրա համար թույլտվություն հարկավոր չէ, այլ պետք է ուղղակի վեր կենալ և գալ,— ասացի։

— Ուրեմն կարելի՞ է։

— Իհարկե։

Ուրախացած վեր թռավ տեղից։

— Եթե միայն չեք վախենում հրացանի ձայնից,— հարկ համարեցի նախազգուշացնել։

— Չէ, այն օրվանն ուրիշ էր,— ծիծաղեց նա.— խորասուզված կարդում էի, և հրացանի ձայնը հանկարծակիի բերեց։ Իսկ հիմա, որ տեսնեմ պիտի արձակեք, հեռու կփախչեմ, ականջներս կփակեմ, աչքերս կխփեմ ու չեմ վախենա։ Չեմ վախենա, չէ՞,— հարցրեց երեխայի միամտությամբ։

— Տեսնենք,— կարճ պատասխանեցի ես ժպտալով։

Այս անգամ հետը մի թեթև շալ էր վերցրել,— որպիսին գործ են ածում կանայք ամառանոցներում գլխարկի տեղ. գցեց գլխին ու գնացինք։ Գնում էինք քաղցր զրույցով։ Չիմացանք, թե ինչպես անտառը վերջացավ և դուրս եկանք ընդարձակ բաց դաշտը։ Մեր գնացած ճանապարհը հազիվ մի երկու վերստ լիներ, բայց նկատեցի, որ ոտներն արդեն դանդաղ է շարժում։

— Ո՞րտեղ է լիճը,— հարցրեց։

— Այն սարը տեսնո՞ւմ եք,— ասացի, ցույց տալով դիմացի բավական բարձր բլուրը.— այն սարը պիտի բարձրանանք,