Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիմա լսիր։ Նստել եմ տրամվայ, գալիս եմ։ Սկզբում ուշադրություն չեմ դարձնում, թե ով է նստած շուրջս: Հետո պատահմունքով ետ եմ նայում և ի՞նչ տեսնում. ճիշտ իմ ետևի նստարանի վրա նստած է նա — անտառի սիրուհիս։ Հետաքրքրական է, չէ՞։

— Եթե միայն ֆանտազիա չէ կիսատ թողած պատմվածքդ շարունակելու համար,— նկատեցի ես կեղծ անտարբերությամբ, բայց իսկապես շատ հետաքրքրված:

Թուսյանը մինչև անգամ ցած թռավ նստած տեղից։

— Տո, ճիշտ եմ ասում, է՜, ինչ ֆանտազիա,— բացականչեց նա։— Նա ինքը, իսկ և իսկ նա, սպանված աղավնին։ Ճանաչեցի առաջին իսկ հայացքից, որովհետև մեջտեղով քանի՜ տարի է անցել,— ընդամենը չորս-հինգ տարի: Ինչպես երևում էր, ինձնից առաջ էր նստել, և ինձ էր նայում։ Աչքս աչքին որ չդիպավ, չիմացա ինչ պատահեց ինձ. կարծես մի քար վերցրին և գլխովս տվին։ Այսպիսի բան երբեք չէր պատահել ինձ։ Դե հիմա երևակայիր դրությունս. չեմ իմանում ինչ անեմ — վեր կենամ փախչե՞մ, թե ուղղակի խոսակցություն սկսեմ։ Թե փախչում եմ — խայտառակություն է դուրս գալիս, որովհետև գիտեի, որ հետո չպիտի ներեի ինձ այդ փոքրոգությունը. թե խոսակցություն եմ սկսում — վագոնը լիքն է, վախենում եմ ուրիշ բան դուրս գա։ Եվ ի՞նչ պիտի ասեի, ի՞նչ կարող էի ասել։ Նստած եմ իշացածի պես և թեև ետ չեմ նայում, բայց զգում եմ, որ նրա հայացքը շեշտակի ուղղված է ինձ և կարծես այրում է ծոծրակս։ Այսպես բավական երկար տեղ գնալուց հետո շփոթմունքս մի քիչ որ անցավ, երևակայիր, հանկարծ մի տեսակ ուրախություն պատեց ինձ։ Ասեմ ինչու։ Որովհետև այն ժամանակ, երբ նամակագրությունս դադարեցրի և նրանից էլ այլևս ոչ մի նամակ չէի ստանում, երբեմն մտածում էի, թե չլինի որևէ բան բերած լինի իր գլխին, և այժմ անսպասելի կերպով ողջ ու առողջ էի տեսնում նրան։ Այդ ուրախության ազդեցության տակ նորից քյալլագյոզությունս բռնեց. վճռեցի, որ իջնի, ես էլ իջնեմ, և ինչ ուզում է՝ պատահի։ Այդպես էլ արի։ Վագոնը որ կանգնեց, իջավ։ Ես էլ իջա։ Սկսեց արագ քայլերով հեռանալ։ Հասա ետևից։ Կանգ առավ և... դե ինչ երկարացնեմ. բողոքներ, մեղադրանքներ,