Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիմանություններ — այդ բոլորը եղավ, իհարկե, բայց, փառք ալլահին, ոչ լեզուս է պակաս, ոչ համարձակությունս, ոչ էլ փորձառությունս՝ կարողացա կամաց-կամաց մեղմել նրա վրդովմունքը, ասացի, թե ես մեղավոր չեմ, թե այդ բոլորը կատարվել է իմ կամքին հակառակ, թե ուսանողական անկարգություններին մասնակցելուս համար ինձ Սիբիր էին քշել, և ուրիշ այսպիսի ստեր։ Այս բոլորի հետ միասին երդում-կրակն ընկա, թե առաջվա պես սիրում եմ իրեն, ցավ հայտնեցի, որ ամուսնացել է (ինքն ասաց). բայց և այնպես,— ասացի,— այդ չի խանգարում, որ մեր նախկին հարաբերությունները շարունակենք։

— Եվ ի՞նչ պատասխան ստացար։

— Այդ էլ քեզ եմ թողնում որ գուշակես,— ասաց Թուսյանը, լամպը վերցրեց և, բարի գիշեր մաղթելով, դուրս գնաց։

— Երևի մի փառավոր ապտակ կերար,— կանչեցի նրա ետևից։

— Սխալվեցիր, թեև հոգեբան ես,— բղավեց նա մյուս սենյակից։— Այդ ցույց է տալիս, որ դու կանանց հետ գործ չես ունեցել և կանանց չես ճանաչում։ Ճրագը հանգցնե՞մ, թե մնա։

— Կարող ես հանգցնել։

Լույսի այն շերտը, որ ընկնում էր սենյակս հարևան սենյակի բաց դռնից, հանգավ։

— Ապտակը գիտե՞ս ինչ տեսակ կանայք են տալիս, Մարգարյան,— կանչեց Թուսյանը, ըստ երևույթին, արդեն անկողին մտած։— Ապտակն այն տեսակ կանայք են տալիս՝ որոնք ոչինչ չունեն կորցնելու։ Այ, օրինակ, փողոցում մոտենում ես մի հանրածանոթ թեթևաբարո կնոջ և առաջարկություն անում. թե որ քիթդ դուր չեկավ, մեկ էլ տեսար տարավ ու բերեց — շրըխկ։ Դեռ գարադավոյ էլ կկանչի, որ ցույց տա, թե տեսեք՝ որքան նամուսով կին եմ։ Իսկ իսկական նամուսով կանայք, ընդհակառակն, այդպիսի դեպքերում կարմրում են, կարկամում և ամոթից քիչ է մնում գետինն անցնեն, որ մարդ չտեսնի, չիմանա։ Գրող մարդ ես, պետք է որ այս բաներն իմանաս,— ավելացրեց նա հորանջելով։