— Բայց և այնպես չասացիր, թե ինչ պատասխան ստացար,— նկատեցի ես։
— Համենայն դեպս ապտակ չստացա և չէի կարող ստանալ, որովհետև այսպես թե այնպես, իր անդրանիկ սիրո առարկան էի, իսկ անդրանիկ սերը կնոջ սրտում անջնջելի է, ինչքան էլ որ այդ սիրո առարկան անառակի մեկը լինի ինձ պես։
— Ինձ փիլիսոփայություններ հարկավոր չեն, ինձ վերջն է հարկավոր,— կանչեցի ես անհամբերությամբ։
— Դե վերջն ինչ. վերջն ա՛յն, որ... հարցրեց որտեղ եմ ապրում։ Ես էլ տվի քո տան հասցեն։
— Թե ի՞նչ։
— Թե այն, երևի, որ կամ ինքը գա, կամ նամակով ռանդեու նշանակի որևէ տեղ։ Ես այդ մտքով էլ հասկացա նրան և դրա համար էլ վճռեցի առժամանակ հետաձգել գնալս։ Հիմա որ ասացիր եկել զանգդ քաշել են, մտածեցի, չլինի նա է եղել և վերջին րոպեին ամաչել փախել է։ Բայց այս էլ եմ մտածում, թե ի՞նչպես կհամարձակվեր գալ կեսգիշերին։
— Ինչո՞ւ իր հասցեն չուզեցիր։
— Չտվավ։
— Ինչո՞ւ։
— Դե հասկանալի է. ամուսին, ընտանիք, ո՞վ գիտե...
Թուսյանը նորից հորանջեց և երկար ժամանակ լուռ էր։
— Բայց լսիր ինչ եմ ասում,— հանկարծ կանչեց նա։ — Թե որ, ով գիտե, վաղը, մյուս օրը գա և դու տանը լինես, հույս ունեմ այնքան փափկանկատ կգտնվես, որ մեզ մենակ կթողնես։ Իսկ այժմ բարի գիշեր, ես արդեն քնեցի։
Չգիտեմ ինչ հիման վրա, Թուսյանը համոզված էր, որ իր խաբած աղջիկը չորս-հինգ տարվա լքումից հետո անպատճառ պիտի գա իր մոտ կամ նամակով տեսակցություն պիտի նշանակի։ Այս պատճառով հետևյալ օրը երեկոյան տուն էր եկել շատ վաղ և, երկար ապարդյուն սպասումից