Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ չեմ հասկանում: Ինձ թվում է, թե սկսել է ցնորվել, և այս մասին՝ որ մտածում եմ, քիչ է մնում ինքս էլ խելագարվեմ: Տե՛ր իմ աստված, ինչո՞վ պիտի վերջանա այս բանը, ինչո՞վ...

Գարեգինը գլուխը բռնեց ձեռքերով և կարճ ժամանակ շշմածի պես նայում էր մի կետի։ Հետո հանկարծ ցնցվեց, ձեռքերը հեռացրեց գլխից և նայեց ինձ պարզապես խելակորույս աչքերով։

— Ես քեզ մի ուրիշ, ավելի սարսափելի բան պատմեմ,— ասաց նա ձայնը խիստ ցածրացնելով։— Նա զավակ էլ է ունեցել այդ պարոնից և... ինքն իր ձեռքով խեղդել սպանել է...

— Ի՞նչ ես ասում,— շշնջացի ես բնազդական սոսկումով։

— Այո, այո, այս էլ ինքը խոստովանեց։

— Հետո՞։ Ի՞նչ է արել սպանված մանուկը։

— Հայրը, աներս, աղջկա նամուսը պարտկելու և հանցանքը ծածկելու համար գիշերով վերցրել, տարել գետն է նետել կամրջից։

8

Մինչև մանկան սպանությունը Գարեգինի հայտնածը Սառայի և Թուսյանի հարաբերությունների մասին ես համարում էի շատ սովորական պատմություն, գրեթե առօրյա մի երևույթ, որպիսին շատ է պատահում կյանքի մեջ։ Նույնիսկ լուրջ կարևորություն չէի տալիս այն բանին, որ Սառան ստիպում էր Գարեգինին սպանելու իր պատիվն անարգողին և իրեն լքողին. այդ բանը համարում էի նրա սովորական տարօրինակություններից մեկը. ջղային ուժգին հուզմունքի մեջ նա անշուշտ չէր հասկանում, թե որքան անհեթեթ բան էր պահանջում իրեն սիրող ամուսնուց, որին անշուշտ շատ լավ էր ճանաչում։ Բայց այն հանգամանքը, որ այդ պատմության մեջ խառն եղել է որդեսպանության պես մի սոսկալի եղեռն, միանգամայն կարկամեցրեց ինձ, և ես հարկադրված եղա շատ լրջորեն նայելու այս գործին, որովհետև այն, ինչ որ սովորական պատմություն ու առօրյա երևույթ էի համարում, իսկապես մի տրագեդիա է եղել, որի վախճանը