կարող էր շատ աղետաբեր լինել այն երեք գործող անձերի համար, որոնց ճակատագիրը բերել կցորդել էր իրար այդ տրագեդիայի մեջ։ Եվ որովհետև ես ևս բոլորովին կողմնակի մի անձնավորություն — բախտի պատահական բերումով ընկել էի այդ տրագեդիայի շրջապտույտը — ուզեի չուզեի՝ պիտի մասնակցեի։ Իմ չեզոք լինելու պարագան արդեն ինքնին որոշում էր իմ դերը, որը ոչ այլ ինչ պիտի լիներ, եթե ոչ շանթարգելի դեր գալիք աղետի հանդեպ. բայց թե ինչ եղանակով պիտի կատարեի ինձ վիճակված այդ դժվարին դերը, դեռևս պարզ չէր ինձ համար։ Ուստի, երբ անցավ սոսկալի հայտնության առաջին ցնցող տպավորությունը, շարունակեցի հարցուփորձս.
— Հիմա ի՞նչ ես մտադիր անելու։
— Մտադի՞ր,— զարմացավ Գարեգինը.— խելք, միտք մնացե՞լ է գլխումս, որ մտադիր լինեմ որևէ բան անելու։ Եվ ի՞նչ կարող եմ անել իմ այս դժբախտ, թույլ կամքով, իմ այս ողորմելի անհիշաչար, բարի սրտով։ Ուրիշ բան կլիներ, իհարկե, եթե ես էլ ուրիշների պես կարող լինեի վառվել, բորբոքվել։ Բայց մեղավո՞ր եմ, որ չեմ կարող, օրգանապես անընդունակ եմ։ Ահա այստեղ է իմ ամբողջ դժբախտության արմատը։ Եվ քանի՜ անգամ է նա երեսովս տվել, որ ես տղամարդ չեմ, կնիկ եմ, փալաս... Եվ դու կարծում ես, թե այս երկու օրը ես ապրո՞ւմ եմ, գիտե՞մ ինչ բան է հանգիստը, ե՛րբ է լուսանում, երբ մթնում... Ոչինչ չգիտեմ։ Ինձ դուրս են շպրտել սովորական և բնական կյանքի սահմաններից, և ես գլխիվայր ցած եմ գլորվում, ցած, շարունակ ցած — չգիտեմ ուր, բայց միշտ ցած, միշտ ցած, և ինձ թվում է, թե երբե՛ք չպիտի դադարի այս գլորումը, մինչև որ հոգիս փչեմ։ Ես արդեն շշմել եմ, հոգիս եկել բուկս է հասել, հազիվ եմ շնչում, որովհետև Սառան հանգիստ չի տալիս ինձ, չի ուզում երեսս տեսնել, սպառնում է, որ եթե չսպանեմ, կդադարի ինձ սիրելուց, կատի, կարհամարհի, նույնիսկ անձնասպանություն կգործի։
Գարեգինն արմունկները դրեց գրասեղանի վրա և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Շնչում էր ծանր ու հատու և այնքան ուժգին, որ ուսերը բարձրանում ցածրանում էին երկար տեղ վազած մարդու նման։ Հետո, ձեռքերն ու գլուխը հանկարծ