Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս գիշերվա գնացքով, հակառակ դեպքում բանը կմնա վաղվան։

— Այդ վնաս չունի, միայն թե աղաչում եմ։ Սառային ասա, որ այլևս այստեղ չէ, գնացել է, որովհետև վախենում եմ, որ այս գիշերն էլ ստիպի, որ գամ սպանեմ: Եվ բացի դրանից, որ իմանա, թե նա այլևս այստեղ չէ, կհանգստանա։

— Դու կարծո՞ւմ ես։

— Անպատճառ։

Սկսեցինք բարձրանալ սանդուղքով։ Բայց այս անգամ, իմ հերթին, ես կանգնեցրի նրան:

— Չլինի՞ թե Սառային հայտնել ես մեր այսօրվա տեսակցությունը,— ասացի։

— Ո՛չ, ո՛չ, ի՞նչ ես ասում,— շշնջաց Գարեգինը, ըստ երևույթին, զարմացած, որ ես կարող էի այդպիսի կասկած տանել։— Այդ աստիճան հո դեռ չեմ կորցրել խելքս։ Նա ինձ տեսնել էլ չի ուզում. փակվել է իր սենյակում և չի ուզում դուրս գալ։

Այս անգամ ես արդեն վճռականապես կանգ առա։

— Լավ, որ այդպես է, էլ ինչո՞ւ եմ եկել,— ասացի։

— Ո՛չ, ոչ, քեզ կընդունի, կընդունի։ Այդ ի՛նձ է, որ չի ուզում տեսնել։ Քեզ կընդունի հենց միայն այն պատճառով, որ այն պարոնը քեզ մոտ հյուր է։ Եվ, եկ գնանք։

Ու, ձեռքս բաց չթողնելով, գրեթե զոռով տարավ ինձ վերև։

Մտանք նախասենյակը, որը լուսավորված էր էլեկտրական ճրագով: Մինչդեռ ես հանում էի վերարկուս, Գարեգինը շատ զգուշորեն բաց արավ մութ հյուրասենյակի դուռը, ներս մտավ, դարձրեց էլեկտրական ջահի կոճակը, որից հյուրասենյակը հանկարծ լուսավորվեց կապտավուն պայծառ լույսով, նույն զգուշությամբ դուրս եկավ և դարձավ ինձ շշնջալով.

— Դու մտիր, իսկ ես իսկույն աղախնի բերնով կապսպրեմ Սառային, որ եկել ես իրեն տեսնելու։

— Իսկ դո՞ւ։

— Իսկ ես չեմ երևա, որպեսզի չգրգռվի, և հանգիստ խոսեք:

Եվ Գարեգինը զգույշ ու արագ չքացավ մի ուրիշ դռան