Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետևը, որ նույն նախասենյակից տանում էր դեպի ներքին սենյակները։

Մտա հյուրասենյակ և նստեցի։ Այստեղ, բացի մուտքի և դեպի ինձ ծանոթ պատշգամբը տանող դռներից, կար ուրիշ երկու դուռ։ Փոխեփոխ նայում էի մերթ այս, մերթ այն դռանը, սրտիս մեջ զգալով մի տարօրինակ վախ և րոպե առ րոպե սպասելով, թե ահա ո՛րտեղ որ է՝ կմտնի Սառան իր անհամբույր համառ հայացքը տարակուսորեն աչքերիս հառած։ Ու նոր զգացի, թե որքան մեծ անմտություն էի գործել հանձն առնելով մի առաքելություն, որ մի կատարյալ անհայտություն լինելով հանդերձ՝ հղի էր ինքնասիրությանս համար շատ անախորժություններով, և որի տակ այժմ ավելի, քան մինչև գալիս, զգում էի թե պիտի ճխլվեմ։

Սակայն մի հանգամանք, որի մասին մինչև այժմ չէի մտածել հանկարծ քաջություն տվեց ինձ, և իմ այցը ոչ միայն անմտություն չհամարեցի, այլև անհրաժեշտ կարիք նկատեցի նույն իմ ինքնասիրության, իմ բարի անվան համար։

Այդ հանգամանքը հետևյալն էր։

Սառան Թուսյանից իմանալով, որ նա ինձ մոտ է իջևանած, անշուշտ կարծում է, որ ինձ հայտնի է եղել նրա սրիկայական արարքը, և ես, այնուամենայնիվ, տեղ եմ տվել նրան իմ տան մեջ, ես, որ իր խաչեղբայրն եմ և իր ամուսնու մտերիմ ընկերը։ Այդ պարագայում, պարզ է, թե որքան ես վարկաբեկված պիտի լինեմ նրա աչքում, և որքան խոր ատելությամբ պիտի համակված լինի նա դեպի ինձ։ Այժմ ես պիտի հասկացնեմ և համոզեմ նրան, որ Թուսյանը, նախ, հակառակ իմ ցանկության է եկել հյուր նստել տանս, և երկրորդ, ամենագլխավորն է, ես միանգամայն անտեղյակ եմ եղել, որ նրա սրիկայության զոհը ինքը Սառան է եղել։

Այժմ շատ ցավեցի, որ իզուր Գարեգինը ծածկել էր Սառայից մեր այսօրվա տեսակցությունը։ Եթե այդ բանը պատմած լիներ կնոջը, Սառան անշուշտ իմացած կլիներ, որ իր անցյալը, հետևաբար և իր վերաբերմամբ Թուսյանի գործած սրիկայությունն ինձ իսկապես անհայտ է եղել։

Մինչև ես այս մտորումների մեջ էի և մտքումս խոսքեր էի որոնում Սառայի առջև ինքս ինձ արդարացնելու համար,