Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոր շունչ քաշեց թեթևացած։ Դեմքն այժմ ավելի գունատ էր, քան առաջ, և այնքան խաղաղ, որ թվում էր, թե չի շնչում։ Այնուհետև, երբ աչքերը բաց արավ և նայեց ինձ, ապշած մնացի, թե ուր էր չքացել այն անհաշտ ատելությունը, որի պարզորոշ արտահայտությունը տեսա մի քիչ առաջ նրա սպանիչ սառը հայացքի մեջ։ Այժմ նայում էր ինձ և կարծես չէր տեսնում. նրա ամբողջ ներքին աշխարհը եկել կենտրոնացել էր այդ զարմանալի արտահայտիչ աչքերի մեջ, և ես կարծես խոշորացույցի մեջ տեսնում էի այդ աշխարհը՝ լի հոգեկան այնպիսի տառապանքով, որը դարմանելու համար թվում էր թե ոչ մի սպեղանի չկա։

Ու ինքս, իմ հերթին, նայում էի նրան արտասվելու չափ զգացված և անհունապես փափագելով օգնել նրան, ինչով որ կարող էի, նրա այդ տառապանքը գեթ փոքր-ինչ մեղմելու համար։

10

— Ներեցեք, տիկին, կարծեմ շատ անհարմար ժամանակ եմ եկել,— ասացի վերջապես, լուռ դիտողի անախորժ դրությունից դուրս գալու համար։— Որ գիտենայի, թե դուք հիվանդ եք...

— Ոչ, ոչ,— ընդհատեց ինձ Սառան թույլ ձայնով, ըստ երևույթին դեռևս ֆիզիկական ցավի տպավորության տակ ճնշված։— Ես ինքս ուզում էի ձեզ տեսնել, և լավ է, որ եկել եք։ Խնդրեմ նստեցեք։

Շալն ուղղեց ուսերի վրա, ձեռքերը, ըստ երևույթին մրսելով, փաթաթեց ծայրերի մեջ, դրեց կրծքին, գլուխը կախեց և երբ նստեցի, ասաց նույն թույլ ձայնով.

— Գիտեմ ինչու եք եկել, և ես էլ հենց նույն բանի համար էի ուզում ձեզ տեսնել: Խոսեցեք, ես ձեզ լսում եմ։

— Դուք ինձ թո՞ւյլ եք տալիս, տիկին։

Սառան մի դառն քմծիծաղով թոթվեց ուսերը։

— Մի կնոջ ամենանվիրական սրբությունը անարգված և կոխկռտված, կախված է հրապարակի վրա, իբրև ցինիկության մի մեծ հաղթանակ, և այդ կինն այժմ խոսքերի՞ց պիտի վախենա,— արտասանեց նա մի տեսակ չարագուշակ