— Իսկ ես հատկապես խնդրում եմ, տիկին, ազատեցեք ինձ այդ հարկադրանքից, որը չափազանց ծանր է ինձ համար,— ուղղակի աղերսեցի ես պարզապես վախեցած նրա ձայնի մեջ լսված ինչ-որ չարագուշակ շեշտից։— Եթե այժմ ես եկել եմ ձեզ մոտ, եկել եմ հատկապես այն նպատակով, որ ձեր լուրջ ուշադրությունը հրավիրեմ Գարեգինի դրության վրա։ Թերևս կարելի լինի նրան փրկել, և ես պատրաստ եմ այդ բանում ամեն կերպ օգնելու ձեզ։
Լռեցի և սպասում էի։
Լուռ էր և Սառան, և այդ լռության ընթացքում, որից լավ բան չէի գուշակում, իր խուզարկու աչքերով շարունակ կարծես պրպտում էր իմ մեջ այն, ինչ որ,— զգում և տեսնում էր անշուշտ,— աշխատում էի ծածկել նրանից։
— Ես շատ շնորհակալ եմ, պարոն, որ դուք այդքան հոգատար եք ձեր բարեկամի և իմ ամուսնու համար,— վերջապես խզեց նա իր չարագուշակ լռությունը մի տեսակ շեշտած քաղաքավարի-հեգնական տոնով, որով, ըստ երևույթին, ուզում էր հասկացրած լինել ինձ, թե իմ պերճախոսության հետին իմաստը շատ լավ հասկանում է ինքը, և իզուր եմ ես այդքան միամիտ կարծում իրեն։— Բայց ձեզ հանգստացնելու համար կարող եմ ասել, որ դուք միանգամայն սխալվել եք ձեր եզրակացության մեջ. Գարեգինը շատ նորմալ վիճակի տեր մարդ է գորտի արյունով, բութ զգացումներով, անձնական պատվասիրության մասին ոչ մի հասկացողություն չունեցող և անդադար իր սեփական կաշվի մասին մտածող։ Եվ եթե այսօր նա ներկայացել է ձեզ անսովոր հուզված դրության մեջ, այդ պետք է վերագրել այն բանին միայն, որ արտաքո կարգի մի հանգամանք, հակառակ իր կամքին ու ցանկության, ստիպողաբար եկել է վրդովելու նրա շատ նորմալ հոգեկան վիճակը, նրա ճահճի պես անդորր կյանքը, որը ամեն բանից թանկ է նրա համար։ Բավական է, որ ես մի փաղաքշական խոսք ասեմ, և նա ուրախությունից պար կգա, նույնիսկ կգա համբուրվելու ձեր հյուրասիրությունը վայելող պարոնի հետ, առ ոչինչ համարելով, որ այդ պարոնն անլուր անարգանք է հասցրել իր կնոջը։ Ահա այսչափ հոգեկան նորմալ վիճակի տեր մարդ է ձեր պատվական ընկերը և իմ ամուսինը, պարոն։ Ուրեմն ոչ իմ