Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եթե ոչինչ չեմ ասում, այդ միայն ա՛յն պատճառով, որ այս բոլորն ինձ չափազանց տարօրինակ է թվում, և ես պարզապես չեմ հասկանում ձեզ։

— Ահա՛ վերջապես... ես ձեզ բռնեցի՛,— աղաղակեց Սառան հաղթականորեն, և այդ աղաղակը կարծես մի խցան էր, որ հանկարծ դուրս պրծնելով՝ ազատություն տվավ նրան դուրս ժայթքեցնելու իր հոգու խորքից այն բոլոր թույնը, որ տարիների ընթացքում կուտակվել էր այնտեղ։— Տարօրինակ՝ ասում եք, ինձ չեք հասկանում՝ ասում եք։ Իսկ երբ ամոթի կարմիրն երեսիս, վիրավորանքի թույնը կրծքիս, տանջանքի կսկիծը հոգուս մեջ, բարոյապես լքված ու սմքած՝ կծկվեի, լռեի և տերևի պես դողայի ամեն մի կասկածոտ հայացքի առջև,— այն ժամանակ այս տարօրինակ չէր թվա ձեզ, այն ժամանակ կհասկանայիք ինձ, այն ժամանակ այս շատ բնական կլիներ ձեզ համար, այնպես չէ՞, քանի որ այդպես եք սովոր, քանի որ այդպես են անում սովորաբար ինձ պես անպատվածները, ինձ պես խաբվածները, ինձ պես լքվածները։ Բայց քանի որ ես ուրիշ հազարների պես չեմ կծկվել, չեմ լռել, ամեն բան ինքս եմ հրապարակ հանել, փոխանակ ծածկելու, քանի որ համարձակ, անվախ ինքս եմ դուրս եկել ցույց տալու աշխարհին անպատվությանս, կսկիծս, տանջանքներս և վրեժ եմ պահանջում բողոքող հոգուս ամբողջ թափով,— այս բոլորը շատ տարօրինակ է թվում ձեզ, և դուք չեք հասկանում ինձ, որովհետև, իսկապես որ, այս տարօրինակ է ձեր հասկացողությամբ, որովհետև այսպես չեն անում սովորաբար, որովհետև այսպես չպետք է անեն, այնպես չէ՞, որովհետև դա ամոթ է, սովորական մորալից դուրս մի բան է, այնպես չէ՞, պարոն։

— Ես բողոքում եմ ձեր այդ խոսքերի դեմ, տիկին,— նկատեցի ես եռանդով։— Դուք այնպիսի բացատրություն տվիք իմ խոսքերին, որ ես մտքովս անգամ չեմ անցկացրել: Եթե դուք բողոքում եք սովորական մորալի դեմ, ապա ուրեմն պետք է երկու ձեռքով կապեք ձեր ամուսնուն, որովհետև ահա՛ իսկապես մի մարդ, որ բարձր է կանգնած սովորական մորալից հանուն իսկական սիրո։ Եթե ասացի, որ չեմ հասկանում ձեզ, ասացի այն իմաստով միայն, որ Գարեգինը