Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ՞ որ սիրում է ձեզ և սիրում է այն աստիճան, որ պատրաստ է ամեն բան մոռանալու, ամեն բան ներելու:

— Ներելո՞ւ... ո՞ւմ, ի՞նչ,— արագ հարցրեց Սառան։

— Հենց ձեզ,— անզգուշաբար և որովհետև մասամբ էլ գրգռված էի նրա ինձ վրա գործած հարձակումներից՝ դուրս թռավ բերնիցս։

Անզգուշաբար եմ ասում, որովհետև այն, ինչ որ ծագեց իմ այդ խոսքերից, ես երբեք չեմ կարող ներել ինձ։

Սառան ցնցվեց, կարծես օձից խայթված, և կարճ ժամանակ նայում էր ինձ ծայր աստիճան ապշած, հետո գլուխը հպարտորեն ետ գցեց, միշտ սևեռած պահելով ինձ վրա իր խոշոր աչքերը, որոնք կամաց-կամաց սկսեցին լցվել մի կատաղի ցասումով։

— Այդպես հա՜,— ձգեց նա։— Ներե՜լ... ի՜նձ...ի՜նձ... Այդ լա՜վ է, այդ հիանալի՜ է, այդ սքանչելի՜ է, այդ աննմա՜ն է... Ուրեմն ի՞նչ. ես նրան դատավոր եմ հրավիրել իմ գլխին։ Ուրեմն նա, որ իմ ամուսինն է, և դատավո՞րն է իմ։ Ուրեմն ես կարող էի և հանցավո՞ր նկատվել իմ ամուսնու, իմ տիրոջ կողմից։ Ուրեմն, եթե նա պատրաստ է ինձ ներելու, կարող է և իրավունք ունի պատժելո՞ւ, որովհետև չէ՞ որ ներում կամ պատժում են միայն հանցավորներին։ Այդ լավ դատողություն է, այդ հրաշալի՜ դատողություն է։ Եվ դուք համարձակվում եք այդ ասել ինձ, ի՛նձ, որ ոտից գլուխ անիրավության մի զոհ եմ և շուրջս համակ հանցավորներ եմ տեսնում։ Եվ հանցավո՜ր, ե՜ս և ոչ այն սրիկան, որ խորտակեց իմ մատաղ կյանքը, և ոչ դուք, այո՛, դո՛ւք, պարոն, որ օթևան եք տվել նրան ձեր հարկի տակ, և ոչ այն հասարակությունը, որ հանդուրժում է իր մեջ այդպիսի սրիկաների գոյությունը։ Ես հանցավո՞ր, որովհետև անմեղ եմ եղել, միամիտ եմ եղել։ Հանցավո՞ր, որովհետև աշխարհիս վրա, մարդկանց վրա մաքուր, պայծառ հայացք եմ ունեցել: Հանցավո՞ր, որովհետև կուսական անփորձությանս մեջ իմ անբիծ, անարատ սիրտը հավատացել եմ մի մարդու, որ անխիղճ կերպով խաբեց ինձ, գործածեց սպիտակ ձեռնոցի պես և կեղտոտելուց հետո դեն շպրտեց իբրև այլևս անպետք մի իր, որպեսզի տարիներ անցնելուց հետո, երբ ես