հազիվհազ հոգու անդորրություն էի ձեռք բերել, նորից գա ցինիկաբար անարգելու իմ կանացի առաքինությունը, պղծելու իմ ընտանեկան սրբությունը, ծաղրելու իմ մարդկային արժանապատվությունը, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե ես էլ նույն տեսակ շուն եմ, ինչպես և ինքը... Օ՜, այս ի՜նչ անիրավ աշխարհ է, ի՜նչ անիրավ... Այս ի՜նչ անտարբերություն և անարդարություն է, որ տեսնում եմ շուրջս... Ո՞ր մեղքիս համար է, որ գցել են ինձ այսպես մենակ, անօգնական...
Վերջին խոսքերի հետ նրա մինչ այդ անզուսպ ցասումով վառվող աչքերը հանկարծ լցվեցին անզորության առատ արտասուքներով, նա ընկավ աթոռի վրա, դեմքը ծածկեց ձեռքերով, և մի խելագար հեկեկանք սկսեց վեր ու վար նետել նրա մարմինը ջղային ուժգին ցնցումներով։
Սկզբում նրա կատաղի ցասումը, որ անշուշտ հետևանք էր իմ անզգույշ խոսքերի, և ապա այդ հուսահատական հեկեկանքը, որ համակեց ինձ անհուն կարեկցությամբ, այն աստիճան ազդել էին ինձ, որ ես կատարելապես սառել, կարկամել էի, չիմանալով ինչ ասեմ, ինչ անեմ, որ ուղղեմ սխալմունքս և հանգստացնեմ նրան։
Բարեբախտաբար այդ միջոցին ներս վազեցին վախեցած մի կողմից Գարեգինը, մյուս կողմից աղախինը, բայց Սառան նրանց տեսնելուն պես վեր թռավ, ոտը կատաղի թափով խփեց հատակին և ծկլթաց.
— Կորե՛ք... կորե՛ք ամենքդ էլ... ո՛չ ոքի չտեսնեմ. անխիղճնե՜ր, անաստվածնե՜ր...
Ու նորից ընկնելով աթոռի վրա, շարունակեց իր խելագար հեկեկանքը ավելի ուժգին ցնցումներով։
Ինձ ուրիշ բան չէր մնում, եթե ոչ անմիջապես հեռանալ:
Ու դուրս եկա հոգեկան այնպիսի մի ծանր ճնշման տակ, որպիսին չէի զգացել կյանքումս։ Կանխապես արդեն զգում էի, որ ակամայից մի մեծ դժբախտության պատճառ էի դարձել, և այդ գիտակցությունը շիկացած երկաթի պես շանթում էր ուղեղս։