Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գուցե փող չունես,— ասացի, կարծելով, թե նրա վարանման պատճառն այդ է:

Մեքենայաբար շոշափեց գրպանները և ոչինչ չասաց։

Համենայն դեպս հանեցի տվի գրպանումս եղած բոլոր փողը։ Առավ ձեռքի մեջ, առանց գրպանը դնելու, և դուրս գնաց։

Մինչև կառքը ճանապարհ դրի։ Շարունակ լուռ էր և մտազբաղ։ Եվ այդպես էլ բաժանվեց, նույնիսկ առանց մնաս բարև ասելու։

12

Թուսյանին ճանապարհ դնելուց հետո դարձա սենյակս։ Սովոր լինելով ուշ քնելու, չուզեցի այդպես վաղ հանվել ու պառկել, չնայելով որ, թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես շատ հոգնած և ճնշված էի զգում ինձ։ Ուստի առանց հանվելու թիկն տվի մահճակալիս վրա, որ մի քիչ հանգստանամ և կարգի դնեմ այդ օրվա տպավորություններս, մանավանդ այն տպավորությունը, որ ստացել էի վերջին րոպեին Թուսյանի մեջ նկատած անսպասելի և խորհրդավոր փոփոխությունից։ Եթե չվախենայի, որ նա կարող է ուշանալ գնացքից և այդ գիշերն էլ մնալ,— իսկ այդ գիշեր ո՛վ գիտե ինչ կարող էր պատահել,— անշուշտ մի քիչ ավելի երկար կպահեի նրան՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում նրա մեջ։ Գուցե զղջում, գուցե իր յուրօրինակ էպիկուրյան մտահայացքի հեղաշրջում։ Եվ մինչդեռ, զանազան ենթադրություններ անելով, ընկել էի մտքերիս ծովը, չէի նկատել, թե ինչպես հոգնածությունից քունս տարել էր։

Ու քնիս մեջ մի տարօրինակ երազ տեսա։ Իբր թե մի մեծ դահլիճումն եմ։ Մարդիկ և կանայք խռնվում են զուգված-զարդարված, ինչպես պարահանդեսում։ Բեմ կա։ Բեմի վրա հետին ոտների վրա բարձրացած ցատկոտում է մի սպիտակ այծ ահագին պոզերով և երկար մորուքով։ Այծի երեսն իբր թե այծի չէ, այլ մարդու երես՝ ցոլուն աչքերով։ Հետո մեկ էլ տեսնեմ՝ այծը այծ չէ, այլ կին, և այդ կինն իբր թե Սառան է բալերինի նման սպիտակ փրփուր հագուստով: Գլխին պղնձի մի սափոր ուներ, և այդ սափորը նրա