Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն մի ցատկումից վերև էր թռչում ու նորից նստում գլխին։ Բայց հանկարծ կանգ առավ, գլուխը թափահարեց, և սափորն ընկավ գետին ուժգին զրնգոցով։

Աչքերս բաց արի ականջումս լսված մի սուր ձայնից: Սկզբում ինձ թվաց, թե այդ սափորի զրնգոցն էր: Հետո, երբ կես քնած, կես արթուն նայում էի չորս կողմս և աշխատում սթափվել, ձայնը կրկնվեց։ Այս անգամ արդեն պարզապես տեսա, որ դռանս զանգակի ձայնն էր։

Վեր թռա։ «Մի՞թե դարձյալ նա է»,— ասացի ինքս ինձ, կարծելով, թե Գարեգինն է, որ Սառայի դրդմամբ նորից եկել է Թուսյանին «սպանելու», բայց մեկ էլ մտածեցի, թե դա կարող էր և Թուսյանը լինել, որ երևի ուշացել էր գնացքից և ետ դարձել:

Ու շտապեցի դուռը բանալու։ Բայց որքան եղավ զարմանքս, ու վախս նույնիսկ, երբ դուռը բանալով, առջևս տեսա ոչ թե Գարեգինին կամ Թուսյանին, այլ Սառային։

— Տիկի՜ն,- ակամա դուրս թռավ բերնիցս և մեքենայաբար ետ քաշվեցի, որ տեղ տամ մտնի։

Այնուհետև ինչ որ պատահեց, մինչև օրս էլ ինձ թվում է, թե երազ էր կամ հենց նոր տեսած երազիս շարունակությունը նոր փոփոխությունով։

Սառան մի րոպե լուսնոտի պես անշարժ կանգնած էր դռանս առջև գտնված մի հատիկ աստիճանի վրա։ Լուսինը աշնանային պարզկա երկնքից՝ կողքից լուսավորում էր նրա կիսադեմը։ Մեծ զարմանքով նկատեցի, որ այդ ցուրտ գիշերին գլխաբաց էր և նույն թեթև հագուստի մեջ, որով տեսել էի նրան այդ երեկո իրենց տանը, բայց տանը տաքուկ շալ ուներ ուսերին, իսկ այժմ այդ էլ չուներ։ Լուսնոտի պես անշարժ և անվրդով, շեշտակի նայում էր դեպի ներս, ոչ թե ինձ, այլ դեպի մութ նախասենյակը։ Մի աչքից, այն աչքից, որ կողմից լուսինն էր լուսավորում, կարծես կայծեր էին դուրս ցայտում, և այդ աչքը հիշեցրեց ինձ երազիս մեջ տեսած պարուհու ցոլուն աչքերը։

Ոչ մի ձայն չհանեց, ձեռքը կամաց, կարծես երկաթի ծանրությամբ, բարձրացրեց և ուղղեց դեպի նախասենյակը։ Ձեռքին լուսնի տակ ինչ-որ պլպլաց պողպատի սպիտակ