Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլով։ Մեքենայաբար ետ ընկա դեպի նախասենյակի պատը և թաքնվեցի դռան ետևը։ Նույն վայրկյանին լսվեց մի տրաքոց կարճ ու հատու, պողպատի բերանն ուղղակի դեմքիս առջև կրակի մի խուրձ արտավիժեց, և նախասենյակը լցվեց վառոդի հոտով։

Արյունը սառավ երակներիս մեջ, մազերս փշաքաղվեցին, և ինձ թվաց, թե աչքերս հանկարծ դուրս պրծան խոռոչներից։ Մի րոպե կարծեցի, թե վիրավորված եմ, և զարմանում էի, որ չէի ընկնում։ «Երևի նրա համար,— մեքենայաբար բացատրեցի ինքս ինձ,— որ վերքս նոր է, և դեռ չեմ զգում»։ Ու, մահվան սարսափի մեջ կաշկանդված, սպասում էի, թե ահա որտեղ որ է՝ պիտի ընկնեմ ու մահանամ։

Չգիտեմ, որքան տևեց այս սարսափելի դրությունը, որը երբեք չեմ մոռանա, բայց դեռևս կանգնած էի ոտքիս վրա, և ինձ թվում էր, թե տափակել կպել եմ պատին այնպես պինդ, որ անկարող եմ պոկվել։

Հանկարծ մի միտք լցրեց ամբողջ էությունս մի խելագար ուրախությամբ։ «Կարող եմ և վիրավորված չլինել»,— մտածեցի և սկսեցի շոշափել գլուխս, կուրծքս, փորս, կողերս։ Ոչ մի տեղ արյան տաքություն չզգացի ու կարծես մոգական մի գավազանի զորությամբ վերակենդանացա։

Առաջին գործս այն եղավ, որ առանց համարձակվելու դեպի դուրս նայել, դուռն արագորեն փակեցի և խելագարի պես վազեցի սենյակս։

Երբ արդեն լիովին ապահով էի սենյակիս մեջ, նոր զգացի, որ ամբողջ մարմնովս դողում եմ։ Նստեցի, ձեռքերս սեղմեցի ծնկներիս մեջ և ծնոտներս պինդ հուպ տվի իրար, որ զսպեմ ջղաձգումներս։ Մի ջիղ մանավանդ, որ ոչ մի կերպ զսպել չէի կարողանում, ամբողջ մեջքս ի վեր մինչև շլինքս սեղմվում ու բացվում էր առաձգական ռետինի պես և ամեն սեղմվելիս դեպի ետ, դեպի ներքև էր քաշում գլուխս երբեմն այնքան ուժգին, որ թվում էր, թե եթե փորձեմ դեպ առաջ խոնարհվել, շլինքս ու մեջքս պիտի կոտրվեն չոր փայտի պես։ Աշխատում էի հավաքել խոհականությունս ու սառնասրտությունս, որպեսզի հաշիվ տայի ինձ, թե այդ ինչ էր, որ պատահեց,— ոչինչ չհաջողվեց։