Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի կառք գտանք և նստեցինք։ Երբ հասանք, կառքը, համենայն դեպս, պահեցի և բարձրացանք վերև։ Գարեգինը երկայն սանդուղքի երկու աստիճանը մեկ էր անում։

Նրա բնակարանի դուռը բաց գտանք և ճրագները վառ: Գարեգինն ուղղակի վազեց դեպի ննջարանը։ Ես հետևեցի նրան։

Այստեղ մեր աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը։

Սառան իսկապես տուն էր դարձել։ Աղախինը հետո պատմում էր, որ նա չափազանց ուրախ էր, ծիծաղում էր, ծափ տալիս, թռչկոտում երեխայի պես, գրկում էր իրեն, համբուրում և շարունակ կրկնում. «Գիտե՞ս, Նատաշա, սպանեցի՜, սպանեցի՜, սպանեցի արդեն...»։ Հետո սկսել էր գանգատվել, որ մրսում է, պառկել էր առանց հանվելու և պատվիրել, որ շատ բան ծածկի և վառարանը վառի։ Այնուհետև սկսվել էին անտանելի ցավեր, որոնցից ճչում էր շարունակ և գալարվում։ Աղախինը վախեցած վազել է Գարեգինի սենյակը, որ զարթեցնի նրան, բայց նրան այնտեղ և ամբողջ բնակարանում ոչ մի տեղ չգտնելով, դիմել էր կողքին ապրող տանտիրուհու օգնության։ Տանտիրուհին, մի ռուս գեներալի այրի կին, շատ բարի ու եռանդոտ, չէր զլացել անկողնուց վեր կենալու և, Սառայի վիճակը տեսնելուց հետո, իր կողմից դիմել էր տան ներքին հարկում ապրող բժշկի օգնության։

Մենք որ մտանք, բժիշկը նոր էր եկել։ Հողաթափները ոտներին, խալաթը հագին, քնաթաթախ աչքերով, քննում էր հիվանդի զարկերակը։ Մոտը կանգնած էր տանտիրուհին՝ նույնպես ձեռաց հագնված, խճճված սպիտակ մազերը ծամկալներով մի կերպ ամրացրած։ Դռան մոտ արձանացել էր աղախինը՝ վախից սառած, ցամաքած։ Վառարանի մեջ ճրթճրթում էր կրակը։

Գարեգինը վազեց դեպի կնոջ մահճակալը, մի տեսակ անմարդկային, գրեթե անասնական ձայնով կանչեց «Սառա՛» և ըստ երևույթին, ուզում էր վրա ընկնել նրան, բայց բժիշկը, մի ձեռքով հիվանդի զարկերակը բռնած, մյուսով կամաց հեռացրեց նրան, և խեղճը տեղն ու տեղն արձանացավ, աչքերը սարսափահար գամելով կնոջ դեմքին։

Սառան պառկած էր անշարժ, դեմքն սպիտակել էր քաթանի