Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղջի, բա էս անձրևը չես տեսնո՞ւմ։

— Դե ասում եմ որտեղ որ ա՝ կկտրի։

— Ո՞րդիան կկտրի, աղջի, տես, է՛, ոնց ա հուրհրատում։

Հիրավի, անձրևը կարծես միտք չուներ կտրվելու։ Այժմ կարկուտն էլ անձրևի էր փոխվել, և ջրերը թափվում էին այնքան հորդ ու առատ, որ նրանց թանձրության մեջ երկնքի փայլատակումները հազիվ էին լուսավորում մթագնած երկիրը։ Երկնքի համարյա անընդհատ որոտի ձայները, անձրևի շփշփոցը, մոտակա ձորակի միջով վազող ջրերի քչքչոցը և ծառերի շառաչը միախառնվելով՝ այնպիսի մի ժխոր էին բարձրացրել, որ իրար մոտ կանգնած հարս ու սկեսուր հազիվ էին լսում իրար ձայնը։

Սաքուլը, անկողնու մեջ կուչ եկած, զգում էր, թե ինչպես այս ու այն կողմից ներս ծորացող առվակները շատանում են, և վերմակն անձրևի ջրերից թրջված տոպրակներից ու կապերտից հետզհետե խոնավանալով ճնշում էր իր վտիտ մարմինը։ Օդ չկար, որ շնչեր և շնչածն էլ բաղնիքի տաք գոլորշու պես մի բան էր, որից քիչ էր մնում խեղդվեր։ Տեսնելով, որ այլևս չի կարողանում դիմանալ, վրայի ծանրությունը մի կողմ շպրտեց և նստեց անկողնում։ Այժմ անձրևն սկսեց թակել ուղղակի նրա գլուխն ու մեջքը։

— Տո, բա դուք աստված չունե՞ք. ինձ խո սպանեցիք ըստեղ,— կանչեց նա։

Կինն ու մայրը շտապեցին նրան վեր կացնել և հորդահոս անձրևի տակ մի կերպ տեղափոխեցին սենյակ։

* * *

Երեք օրվա ուխտն արդեն կատարված էր, թեև Սաքուլը երրորդ օրվա գիշերը չէր անցկացրել բաց երկնքի տակ։ Չորրորդ օրը «թելեժկեն» քաղաքից եկավ, որ մեր ուխտավորներին տուն տանի։ Սաքուլին պառկեցրին «թելեժկի» մեջ ուժից բոլորովին ընկած։ Ճանապարհին մի գլուխ բղավում էր կողերի մեջ զգացած անտանելի ծակոցներից. դադարում էր բղավելուց այն ժամանակ միայն, երբ հազը բռնում էր։ Հազում էր չոր ու թույլ, որի ժամանակ ձայնը կարծես հորից էր դուրս գալիս։ Երբեմն պարզապես շնչասպառ էր լինում։