Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև չգիտես, թե այս գիշեր քո գնալուց հետո ինչ կատարվեց։

— Ի՞նչ։

Ես պատմեցի նրան գիշերվա ամբողջ մղձավանջային դեպքը, թե ինչպես Սառան խելագար դրության մեջ եկել էր իմ բնակարանը ատրճանակը ձեռքին՝ անշուշտ նրան, Թուսյանին սպանելու մանիայով բռնված, թե ինչպես ատրճանակը պարպել էր նախասենյակումս ու փախել, թե ինչպես նրա ամուսինը վազել էր ինձ մոտ նրան որոնելու և թե, վերջապես, ինչ դրության մեջ գտանք նրան իրենց տանը։

Թուսյանը լսում էր ինձ իր ահագին աչքերի լափող հետաքրքրությամբ և հետզհետե սփրթնելով։ Հետո, որ վերջացրի, գլուխն առավ ձեռքերի մեջ և մնաց քարացած։

— Այդ անկարելի է,— շշնջաց նա։— Այդ սոսկալի է... Եվ այդ բոլորի պատճառը...

— Է՛լ ավելորդ և անօգուտ է պատճառի կամ պատճառների մասին մտածելը,— ասացի։— Եթե այժմ զղջում ես և ուզում ես ինչ-որ հատուցում տալ, ուշ է արդեն, շատ ուշ։

— Ուշ է... շատ ուշ,— կրկնեց արձագանքի պես, առանց հեռացնելու ինձնից իր լայն բացած աչքերը։

Ես այդպես էլ թողի նրան ու դուրս եկա։

14

Նոր էի թեքվել գլխավոր փողոցը, տեսնեմ արագ քայլերով հասավ ետևիցս։

— Ո՞ւր ես գնում,— հարցրի։

— Գալիս եմ քեզ հետ։

— Ես Սառայի մոտ եմ գնում։

— Ես էլ։

— Որ ի՞նչ անես։

— Որ իմանամ՝ ինչպես է։

Ու տեսնելով, որ ուզում էի առարկել, ավելացրեց իսկույն.

— Մի՛ վախենա, ներս չեմ մտնի. կսպասեմ դուրսը, մինչև դուրս կգաս։

Ճանապարհին այլևս ոչ մի խոսք չարտասանեց։ Ըստ երևույթին շատ հանգիստ էր և ինքն իր մեջ խորասուզված: