Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրն ու կինը նստած էին կողքին և հետները վերցրած գինու շշից երեսին ջուր էին ցրցամ տալիս, որ շունչը ետ բերի։

* * *

Թախտի վրա, անկողնու մեջ պառկած է Սաքուլը, գլուխը կապած սպիտակ փաթաթանով, որի տակից դուրս են պրծել երկարացած մազերը և, քրտնքից ու կեղտից թաղիք դարձած, կպել ոսկրացած քունքերին։ Դեմքին մնացել է միայն քիթը խոշոր ու սուր, և աչքերը, ահագին ու պսպղուն ապակու պես, նայում են բաց դռնով դեպի դուրս։ Այնտեղ ամառվա միջօրեի արևը հրաշեկ ճառագայթներով կիզում է դիմացի տան պատը և այն աստիճան շողշողում, որ ուղիղ նայելիս մարդու աչքերը ցավում են։ Ուղղակի դռան առջև, ստվերի մեջ նստած է փողոցի պառավ շունը և, կարմիր լեզուն հանած, հեթեթում է տապից։ Սաքուլը բարձն ի վեր կիսանստած, անթարթ նայում է դուրս բթացած հայացքով և ծանր շունչ քաշում։ Երկու օր է, որ կողերի մեջ այլևս ծակծկոցներ չի զգում. հազն ևս քչացել է. բայց այնտեղ, ներսը, ինչ-որ տարօրինակ դատարկություն է զգում. կարծես թոքը, սիրտը և ամբողջ փորոտիքը հանել դուրս են թափել։

Անհուն վիշտը ցամաքած դեմքին՝ մայրը նստած է մեռնող որդու կողքին և թաշկինակով քշում է ճանճերը նրա դեմքից։ Նատոն օրորոցի մոտ չոքած՝ ծիծ է տալիս երեխային և հուսահատ հայացքով անթարթ նայում սենյակի պուճախին, որտեղ աններկ գաջն առատորեն ծծել է գետնի խոնավությունը և տեղ-տեղ թափվել։ Նրա հայացքը ցույց է տայիս, որ նա առաջուց արդեն հաշտվել է անխուսափելի թշվառության հետ։ Թախտի վրա, լուսամուտի առջև չոքած է փոքրիկ աղջիկը և աշխատում է բռնել ապակիների վրա բզզացող ճանճերը։

Ծանր ու չարագուշակ լռություն է տիրում սենյակում և դուրսը։ Այդ լռությունը խանգարում է խառ թութ ծախող մի կինտո, որը թաբախը գլխին և կշեռքն ուսին՝ անցնում է դռան մոտով և իր առողջ թոքերի ամբողջ թափով աղաղակում.