Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լուռ սեղմեցի նրա ձեռքը և նստեցի։

— Դու գիտե՞ս, որ Սառան այլևս չկա,— ասաց իր ցամաք, անկենդան հայացքը սևեռելով աչքերիս։

Ես կարողացա միայն գլխով մի դրական շարժում անել, թե գիտեմ. փղձուկը բռնել էր կոկորդս, և չկարողացա որևէ խոսք արտասանել։

— Ներս տարան, մորթեցին, ինչ արին — չգիտեմ, և դուրս բերին մեռած,— շարունակեց Գարեգինն այնքան հանգիստ ձայնով, որ կարծես իրեն չվերաբերող և մի հասարակ բան էր պատմում։— Հետո, գիտե՞ս ինչ, այն բժշկին, որ մորթել էր նրան, տեսա իր կաբինետում կաթով թեյ խմելիս։ Շատ զարմացա։ Մեկ էլ ինչ զարմացրեց ինձ. տուն որ գալիս էի, տեսնեմ արևը լուսավորում է առաջվա պես, մարդիկ անցուդարձ են անում փողոցում, խանութները բաց են սովորականի պես, մի խոսքով ամեն բան — ինչպես ամեն օր, և ոչ մի փոփոխություն։ Մինչդեռ ես կարծում էի, թե էլ ոչինչ չկա, վերջ, մութ, խավար... Ապշելու բան է, չէ՞։

— Գիտե՞ս ինչ, Գարեգին,— ասացի ես, դիտելով նրա անքնությունից ուռած, բորբոքված աչքերը և դեղնած դեմքը,— դու հոգնած ես և չես քնել, մի քիչ որ պառկես հանգստանաս, լավ կլինի:

— Հա՜, ես էլ հենց այդ պիտի ասեի,— վրա բերեց նա:— Ինձ ավելի այն է զարմացնում, որ ես էլ, գիտեմ, առաջվա պես պիտի ուտեմ, ման գամ, քնեմ, հանգստանամ, էլի ուտեմ, ման գամ, քնեմ, հանգստանամ, որպես թե ոչինչ չի պատահել, որպես թե այս կես տարվա կյանքը մի քաղցր երազ էր, որ եկավ ու անցավ, որպես թե Սառան մի հրաշալի տեսիլք էր, որ մի վայրկյան երևաց աչքիս ու հանգավ անհետ...

Վերջին խոսքերի վրա նրա ձայնը դողաց, խլացավ և հանկարծ կտրվեց։ Նա խոնարհվեց ծնկների վրա, և գլուխը ցած ընկավ թուլացած։ Երկար ժամանակ այդպես մնալուց հետո նորից շտկվեց և նայեց ինձ:

— Փարատիր, խնդրում եմ իմ մի տարակուսանքը, եթե կարող ես,— ասաց նա։— Այս մասին էի մտածում, որ դու