Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց նույնիսկ մի սուտ տրաքոց հանելու։ Ի՞նչ է նշանակում այս, Մարգարյան, հը՞,— հարցրեց աչքերը տարակուսանքով սևեռելով ինձ վրա։— Այս ես ե՞մ, թե ես չեմ։ Ես ախր էլ չեմ ճանաչում ինձ։ Ո՞րտեղից է մտքի այս տատանումը, հոգեկան այս շփոթությունը, այս զզվելի փոքրոգությունը։ Ես Ռուբեն Թուսյանը լինեմ և նստեմ քեզ մոտ լա՞ց լինեմ, իբրև մի баба. ես Ռուբեն Թուսյանը լինեմ, ուզենամ ինձ մորթել ու... վախենա՞մ։ Դե էլ ինչացո՞ւ եմ ես, ինչի՞ պետք եմ, բռնիր ոտներս ու քարշ տուր տար գետը գցիր է՛լի, իբրև մի սատկած շուն։ Ինչո՞ւ մեռավ նա, ինչո՞ւ։ Որ ինձ պատժի՞, որ վրեժ լուծի ինձնի՞ց...

Նրա ձայնը երերաց, և ինձ թվաց, թե ուզում է նորից լաց լինել, բայց զսպեց իրեն և հանկարծ վեր թռավ կատաղի աչքերով։

— Ո՛չ, ես թույլ չեմ տա, որ մեռելները քարշ տան ինձ իրենց ետևից,— գոռաց նա:— Ես կենդանի մարդ եմ, սիրում եմ կյանքը և հանուն այդ սիրո պիտի շարունակեմ զոհել ամեն ինչ և ամենքին, ով կհամարձակվի խոչընդոտ կանգնել իմ հաղթական ճանապարհին։ Առաջին անգամ կյանքիս մեջ անձնատուր եղա այս հիմարական կնիկարմատային զգացումներին և ահա եկա հասա ուր... ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ...

Ու ամեն մի «ինչուի» հետ սկսեց ձեռքով խփել հա խփել գլխին։

Մի կերպ հանգստացրի, առաջարկեցի, որ պառկի քնի, մինչև որ գինու ազդեցությունն անցնի։

— Ոչ,— ասաց,— այս երեկո արդեն գնում եմ։— Եկա, որ փող տաս հյուրանոցին վճարելու և տոմսակ առնելու։ Անցյալ օրը տված փողերդ մինչև վերջին կոպեկը զահրումար արի։ Գնամ թե չէ, բոլորը միանգամից կուղարկեմ։ Հորս կասեմ, որ տա։ Կտա — լավ, չի տա — հե՛րը կանիծեմ, բոլոր դավթարներն ու մուրհակները կպատռեմ, փողի սնդուկը կվառեմ, իրեն էլ կբռնեմ կխեղդեմ, որ ինձ պես մի լակոտ է ցնկնել։

— Հետո՞։

— Հետո էլ չգիտեմ։ Ես սովոր չեմ «հետոյի» մասին մտածելու: Տուր փողը։ Գլխարկս էլ տուր։