Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԱԳԱՀՈԻԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՛չ ինքը, ո՛չ յուր կինը — Եվան։ Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ— ո՛չ քաղց էին զգում, ո՛չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՛ քաղցած էին և թե՛ մերկ։ Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո չէին նստիլ. Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր։ Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել։ Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել։

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին։ Նա շատ էր ստրջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր։ Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում