Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր անեզր երկիրը. մի կողմը ահա՝ բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ։ Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ֊շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ... Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց։

«էլ ինչո՞ւ եմ տրտմում,— ասաց նա ինքն իրեն.— աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ։ Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո՛, ես եմ, ես...»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել։

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե՝ երկիրն իմն է.— հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ։— Այն Ժամանակ ի՞նչ անեմ... ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ... Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա՝ ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»։

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել։ Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի։ Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել։ Քրտինքը կաթ-կաթ