Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԴՈԻ ԱՉՔԸ

(Ավանդություն)

Մի անգամ — այդ ոչ շատ հին և ոչ շատ նոր ժամանակներումս էր — մի չքավոր մարդ մի ինչ֊որ բան գտավ։ Գտած իրը կակուղ էր, կլոր և փոքրիկ ընկյուզի չափ։ Գտնողը զարմացավ. նա չէր իմանում, թե այդ ինչ է. այդպիսի բան յուր ողջ կյանքում ոչ ոքի ձեռքին չէր տեսել։ Նա տարավ տուն, կնոջը ցույց տվավ. կինն էլ զարմացավ. նա էլ յուր ողջ կյանքում այդպիսի բան առաջին անգամն էր տեսնում։ Այնուհետև նա ցույց տվավ հարևան֊ծանոթներին, բարեկամ-ազգականներին, օտար-անծանոթներին, մի խոսքով— ամեն մի պատահողին՝ լիներ նա կին թե մարդ, ծեր թե մանուկ, խելոք թե հիմար, գիտուն թե տգետ, բայց ո՛չ ոք և ո՛չ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես նրա գտած իրը։ Մեկն ասում էր՝ քար է։

— Բաս ինչո՞ւ կակուղ է,— հակառակում էր մյուսը։

— Սա պտուղ է։

— Այդպիսի պտուղներ ո՞ր ծառի վրա են դուրս գալիս,— հակառակում էր մի ուրիշը։

— Սա ադամանդ է, տեսնում եք՝ փայլում է։

— Բաս ինչո՞ւ կակուղ է,— հակառակում էր առաջինը։

Եվ այսպես ամեն մեկն յուր կարծիքն էր հայտնում, իսկ մյուսները — հերքում. գտած իրը ոչ հասարակ քար էր, ոչ ադամանդ և ոչ... աստված գիտե, թէ ինչ էր:

Շուտով ողջ քաղաքում լուր տարածվեցավ, թե այսինչ չքավոր մարդը մի ինչ֊որ չտեսնված բան է գտել, և ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ինչ է այն իսկապես։ Այդ լուրը լսելուն պես՝ հետաքրքրվողների ահագին խմբեր սկսան վազել դեպի այդ մարդու տունը՝ տեսնելու նրա գտած չտեսնված իրը։ Ամենքը զարմանում էին, գլուխ էին կոտրում, բայց ոչ ոք և ոչ ոք չէր կարողանում իմանալ, թե ինչ է այն։

Վերջապես այդ լուրը թագավորին էլ հասավ։ Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ գտնվածը մի չտեսնված, հազվագյուտ բան է, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ։