Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը զարմացավ։

— Սրա քաշի ոսկին ի՞նչ պիտի լինի,— ասաց նա ծիծաղելով։— Շատ ուզիր, շատ։

— Ոչ, թագավորն ապրած կենա, ավելի չեմ ուզիլ, դրա քաշով ոսկին էլ բավական է։

— Շատ լավ,— ասաց թագավորը։— Եկ գնանք գանձարան, կշռել տամ, և ստացիր ոսկին։

Նա առաջ ընկավ, չքավոր մարդը հետևեց նրան։ Նրանք մտան գանձարանը, որն ամենահարուստն էր ամբողջ աշխարհի երեսին։ Թագավորը գտած իրը տվավ գանձապետին, հրամայեց, որ կշռե և նրա քաշով ոսկի տա չքավոր մարդուն։ Գանձապետն իսկույն վերցրեց ամենափոքրիկ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում — նրա չափ մի ոսկի, կարծելով, որ այդ բավական կլինի նրան կշռելու, բայց կշեռքի թաթը չշարժվեցավ։ Գանձապետը մի ուրիշ ոսկի էլ դրեց — կշեռքի թաթը դարձյալ անշարժ մնաց։ Երրորդ ոսկին դրեց, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, տասներորդը, քսաներորդը... կշեռքի թաթը լցվեց, բայց դարձյալ և դարձյալ անշարժ մնաց։ Այն թաթը, որի վրա դրված էր գտնված իրը, ցած էր կանգնած այն թաթից, որի վրա մեկը մյուսի հետևից դրվում էին ոսկիները։ Թագավորը, գանձապետն ու չքավոր մարդը շատ զարմացան։ Թագավորը հրամայեց, որ գտնված իրը մեծ կշեռքով կշռվի, որպեսզի թաթում ոսկիների համար տեղ լինի։ Գանձապետը կշեռքը փոխեց, ավելի մեծը վերցրեց և նորից սկսեց կշռել։ Բայց որքան եղավ նրանց զարմանքը, երբ այդ կշեռքի թաթն էլ լցվեց ոսկիներով, և դարձյալ գտնված իրը ծանր մնաց։ Թագավորը հրամայեց բոլորովին մեծ կշեռքով կշռել։ Գանձապետն այդպես էլ արեց, նա վերցրեց բոլորովին մեծ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում այս անգամ սկսեց տոպրակներով դնել ոսկիները և հետզհետե ավելացնել, մինչև որ վերջապես այնքան հարուստ գանձարանի ոսկին հատավ և գտնված իրը դարձյալ ծանր մնաց. նրա թաթը մինչև անգամ մի մազաչափ չբարձրացավ։ Թագավորը և գանձապետը մնացին բերանները բաց։

«Այս հրա՞շք է, թե մենք ենք երազում»,— մտածում էին նրանք։ Ձեռքով վերցնում են գտնված իրը,— թեթև է, շատ