թեթև, այնինչ բանից դուրս է գալիս, որ մինչև անգամ ողջ գանձարանի ոսկին չէր կարողանում նրան կշռել։
Թագավորն սաստիկ բարկացած դարձավ չքավոր մարդուն, որ երկյուղից ու զարմանքից սաստիկ դողում էր, և ասաց.
— Դու անպիտա՛ն և ավազա՛կ... Դու ուզում ես ինձ խաբե՞լ, դու ուզում ես ինձ աղքատացնե՞լ, դու կախարդ ես, հա՞... իսկույն ևեթ գլուխդ թռցնել կտամ, եթե չես ասիլ, թե այս ի՛նչ բան է. և ով ես դու։
Չքավոր մարդը լաց լինելով ընկավ թագավորի ոտները:
— Թագավորն ապրած կենա,— ասաց նա՝ լիզելով նրա ոտները,— ես մի խեղճ, աղքատ մարդ եմ... ես ի՞նչ գիտեմ, թե այդ ինչ բան է... ես միայն գտել եմ... բաշխի՛ր ինձ...
— Եթե դու չգիտեիր, թե այս ինչ բան է և սրա զորությունն ինչ, բաս ինչո՞ւ ասացիր, որ սրա քաշով քեզ ոսկի տամ։
— Աստվա՛ծ է վկա, չգիտեի...: Ես ի՛նչ գիտեի... ես ոնց սուտ կխոսեի քո առաջ... ես միայն այնպես... ես միայն այնպես... բերանումս եկավ, ասացի... Քո որդկերանց արևսադաղին, թագավոր, բաշխիր ինձ, ես էլ որդիք ունիմ, բա ո՞վ պահի նրանց...
Թագավորի սիրտը լցվեց, խղճաց նրա վրա և հրամայեց, որ վեր կենա։
— Բայց ես պե՛տք է իմանամ, թե այս ինչ բան է, անպատճա՛ռ պետք է իմանամ։
Եվ իսկույն ևեթ հրամայեց, որ յուր տերության մեջ ինչ գիտնականներ կան, բոլորը շուտով հավաքվեն յուր պալատում։ Թագավորի հրամանն էր, անշուշտ պիտի կատարվեր։ Երբ բոլոր գիտնականներն արդեն հավաքվեցին պալատում, թագավորը դուրս բերեց նրանց մոտ գտնված իրը, պատմեց, թե ինչպես յուր ողջ գանձարանի ոսկին չկարողացավ նրան կշռել ու հրամայեց, որ իսկույն ևեթ ասեն, թե այդ ինչ է, ապա թե բոլորի գլուխներն էլ կտրել կտա։ Գիտնականներն ահ ու դողով սկսեցին հերթով նայել, զննել, քննել գտնված իրը։ Ժամանակ խնդրեցին թագավորից։ Թագավորը երկու ժամ ժամանակ տվավ։ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք և