Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


— Այո,— պատասխանեց թագավորը։

— Հրամայիր, որ կշեռքը այստեղ բերեն։

Թագավորը հրամայեց, մեծ կշեռքը ներս բերին։

— Ի՞նչ հարկավոր է այդպիսի մեծ կշեռք,— ասաց ծերունի֊խելոքը։— Ամենափոքրիկ, մսխալների կշեռքը բերեք։

— Բայց այդ մեծ կշեռքով էլ չկարողացանք կշռել, դու մսխալների կշեռքով ինչպե՞ս պիտի կշռես,— զարմացած ասաց նրան թագավորը։

— Ես կկշռեմ, բայց ո՛չ ոսկով,— պատասխանեց ծերունի֊խելոքը։— Ոսկով սրան երբեք չի կարելի կշռել։

— Բա՞ս։

— Հողով։ Հրամայիր, որ հող էլ բերեն, մի բուռ հող։

Թագավորը բոլորովին զարմացավ և հրամայեց, որ մսխալների կշեռքն էլ բերեն, մի բուռ հող էլ։ Իսկույն բերին։ Ծերունի֊խելոքը վերցրեց ձեռքում կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսի վրա մի բուռ հողից սկսեց քիչ-քիչ թափել։ Կշեռքի թաթերը շարժվեցան և հավասար կանգնեցին։ Ծերունի֊խելոքը մնացած հողը դեն ածեց և կշեռքը ձեռքին բռնած՝ սկսեց սուր-սուր նայել ուղղակի թագավորի աչքերի մեջ։ Թագավորը՝ քարացած և բերանը բաց՝ մնաց կշեռքի թաթին նայելիս։

— Այդ ի՞նչ է, ով խելոք մարդ,— հանկարծ կանչեց նա։

— Այս մարդու աչք է, թագավոր,— պատասխանեց ծերունի֊խելոքը։— Դուք ինչպես էիք ուզում կշռել սրան ոսկով, քանի որ բացի հողից սրան ոչինչ չի կշտացնիլ։

1889

ԵՐԿՆՔԻ ԶԱՆԳԱԿԸ
(Ավանդություն)

Հին, շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավորներ կային, ոչ իշխաններ և ոչ դատավորներ, մարդկանց գործերը քննում էին մի մեծ զանգակով, որ կախված էր երկնքից։ Մարդիկ իրենց վեճերի, կռիվների, տարաձայնությունների