Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար դիմում էին այդ զանգակին։ Վկաներ կանչելու սովորություն չկար այն ժամանակ և այդ հարկավոր էլ չէր, որովհետև զանգակը մի այնպիսի հրաշալի զորություն ուներ, որ առանց վկաների ցուցմունքի ինքն էր ամենաճիշտ և ամենաանաչառ կերպով ցույց տալիս, թե ո՛վ է արդարը, ո՛վ է մեղավորը։

Զանգակը կախված էր մի ընդարձակ դաշտի վրա։ Նրա տակ, գետնից բավական բարձր, ինչպես բեմ, շինված էր մի տախտակամած, որի վրա բարձրանում էին սանդուղքով։ Գանգատավորները միայն իրավունք ունեին բարձրանալու այդ տախտակամածի վրա, իսկ հանդիսատես ամբոխը կանգնում էր ներքևը — դաշտի վրա և այնտեղից էր թամաշա անում գործի վճռին։ Գործի քննության ժամանակ ո՛չ մի ձայն, ո՛չ մի շշուկ չէր լսվում հանդիսատես ահագին ամբոխի միջից. զանգակը համարվում էր մի սրբություն, որ աստված ինքն էր կախել երկնքից չարախնդիր մարդկանց անօրեն գործերը քննելու համար. այդ պատճառով ամեն մեկը սրբազան երկյուղով էր նայում նրա վրա, զգալով, որ արդարադատն աստված ինքն է նրա միջոցով քննում գործերը։

Գանգատավորները, որոնք սովորաբար երկու հոգի էին լինում, բարձրանում էին տախտակամածը և փոխադարձաբար բռնում էին զանգակի կապած թոկից, ով մեղավոր էր, նա բնավ չէր կարողանում շարժել զանգակի լեզվակը, իսկ ով արդար էր, նա լեզվակի թոկին ձեռք տալուն պես՝ զանգակն ինքն էր սկսում ահագին, ականջ խլացնող ձայնով հայտնել հանդիսատես ամբոխին, որ արդարը նա է։ Խոսք չկա, իհարկե, որ մարդիկ այդ ժամանակներում շատ սիրով և հաշտ էին ապրում միմյանց հետ և շատ հազիվ էր պատահում, որ մեկը մյուսի հետ մի որևէ տարաձայնություն ունենար, որովհետև ամենքին էլ հայտնի էր զանգակի հրաշալի զորությունը, ամենքն էլ գիտեին, որ ոչ մի դեպքում մեղավորն արդար չի դուրս գալ, արդարը — մեղավոր, ինչպես մեր ժամանակներումն է։

Բայց ինչպե՞ս եղավ, որ այդ զանգակն այժմ այլևս չկա, ինչպե՞ս եղավ, որ մարդիկ զրկվեցին մի այդպիսի անաչառ դատավորից։