Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկ անգամ մեկը յուր հարևանին մի քանի հարյուր ոսկի փող էր պարտք տվել։ Նշանակյալ ժամանակից հետո, երբ նա յուր փողը պահանջում էր, պարտապանը չէր տալիս, ասելով, որ արդեն տվել է։

— Տվե՜լ ես,— զարմանալով բացականչում էր պարտատերը։— Ե՞րբ։

— Քանի ժամանակ է:

— Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես սուտ խոսում։

— Ես սուտ չեմ խոսում, տվել եմ։

— Եվ դու չե՞ս վախենում զանգակի դատաստանից:

— Տա՛ր ինձ նրա մոտ:

— Դու կխայտառակվես։

— Դու զրպարտում ես. ուզում ես փողդ երկու անգամ առնել. ես արդեն տվել եմ։

— Զանգակն ինքն այդ ցույց կտա, որ դու պարտքդ դեռ չես տվել: Գնա՛նք նրա դատաստանին։

— Գնա՛նք, ես արդար եմ։

Գնացին

Հետաքրքիր ամբոխը շրջապատել էր զանգակի տախտակամածը։ Ամենքն անհամբեր սպասում էին նրա արդար դատաստանին։

Գանգատավորները բարձրացան տախտակամածը:

— Ա՛յ ժողովուրդ,— նախքան զանգակին դիմելը, բացականչեց պարտատերը, — ես սրան մեղադրում եմ այն բանի համար, որ սա ինձ փող է պարտ և այժմ, երբ ես փողս պահանջում եմ, ասում է, թե տվել է, այնինչ ես սրանից դեռ մի կոպեկ չեմ ստացել:

— Այո՛, ա՛յ ժողովուրդ, ես հիմա էլ ասում եմ, որ պարտքս արդեն տվել եմ։

— Երբ որ այդպես է, բռնի՛ր զանգակի թոկը։

Պարտապանը ձեռքին մի հաստ գավազան ուներ. առաջուց նա փորել էր այդ գավազանը, պարտք վերցրած ոսկին թափել էր այդ փորվածքի մեջ և գավազանի գլուխը նորից պնդացրել էր։

— Բռնի՛ր այս գավազանը,— ասաց նա գավազանը պարտատերին տալով։