Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


հետո նրա շրթունքները շարժվում են. ինչ-որ բան է ասում, բայց դժվար է լինում որոշել արտասանածը։

— Ի՞նչ, Սաքուլ ջան,— հարցնում է մայրը, խոնարհվելով նրա դեմքին։

Նատոն, որ դեռևս շարունակում է ծիծ տալ երեխային, դեմքը դարձնում է դեպի նա և ականջը սրում։

— Ասում եմ, փոթրադչիկ Սերգոն,— շշնջում է մեռնողը, ամեն մի խոսքի վրա հազիվ շունչը ետ բերելով,— էն, որ իրեք թուման եմ պարտ... փիս մարդ չի... կըլի, որ չուզի... Համա թե ուզի... յարաղս տվեք... Թե հերիք չանի... քամարս ծախեցեք... հոգիս չծանրացնեք...

Խեղճ պառավ մայրը միանգամայն կարկամում է և չի իմանում ինչ ասի։

Նատոն զգում է, թե ինչպես ամուր մի բան բռնում է բուկը։ Գլուխը դնում է օրորոցի վրա, դեմքը ծածկում կռների մեջ և ամեն կերպ աշխատում է զսպել խեղդող հեծկլտանքը։

Իսկ փոքրիկ աղջիկը շարունակում է մատները շարժել լուսամուտի ապակիների վրա, որ բռնի ճանճերը, և նմանեցնելով կինտոյի կանչին, մեքենայաբար կանչում է կամացուկ՝ «Թութա, թութա՛, ախառի՛ թութա»։

ՀՈԳՈՒՆ ՎՐԱ ՀԱՍԱՎ

Ձմեռնամուտ օրերից մեկն էր։ Մութը դեռ բոլորովին չէր կոխել երկիրը։ Երկինքը պղտոր էր գարնան ջրի պես։ Կատաղի քամին վժժալով ներս էր պրծնում փողոցի մի բերանից, թռցնում էր առաջին պատահած մարդու գդակը, լիզում էր գետնից աղբն ու փոշին, ծեծում էր դռներն ու պատուհանները, բարձրացնում, պատովն էր տալիս մանրավաճառի խանութի ճակատից կախված ցուցանակն ու կորչում փողոցի մյուս բերանից։ Լապտերավառը, սանդուղքն ուսին, փոքրիկ լապտերը ձեռքին, վազում էր լապտերները վառելու։ Փողոցի անկյունում արդեն վառված լապտերը, հողմածեծ, ծռել էր գլուխը և նայում էր շուրջը կեղտոտ ապակիների