Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարտատերը, բոլորովին ոչինչ չկասկածելով, առավ գավազանը։

Պարտապանը համարձակ մտավ զանգակի տակը և բացականչեց.

— Ա՛յ անաչառ դատավոր֊զանգակ, դու ասա՛, ես փողը տվե՞լ եմ սրան, թե ոչ։

Եվ բռնեց լեզվակի թոկից։ Լեզվակը նույն վայրկյանին շարժվեց, և զանգակն ահագին ղողանջյունով հայտնեց հետաքրքիր ամբոխին, որ փողն արդեն տվել է։

— Տեսա՞ր,— դիմեց նա վերջինին.— Անամո՛թ, երկու անգամ էի՞ր ուզում առնել փողդ։ Տո՛ւր ինձ գավազանս։

Նա խլեց քար կտրած պարտատերից յուր գավազանը և ուրախ-ուրախ իջավ ներքև։

Ամբոխն սկսեց թքել և մրել խեղճ պարտատերին, որ զարմացել, ապշել էր, թե ինչպես այդ անաչառ դատավոր֊զանգակը մի այդպիսի անարդար վճիռ կայացրեց։ Բայց զանգակի վճիռն անարդար չէր. այն րոպեին, երբ պարտապանը բռնում էր զանգակի թոկից, նա արդեն պարտք վերցրած փողը՝ գավազանի մեջ ածած՝ տվել էր պարտատերի ձեռքը: Ուրեմն խաբվե՞ց զանգակը, որ միևնույն է, թե խաբվեց աստվա՞ծ, որովհետև զանգակի միջոցով ինքն աստված էր դատաստան անում։ Ո՛չ, չխաբվեց աստված, այլ միայն ուզեց փորձել, թե մինչև որ աստիճան մարդը կարող է խորամանկ գտնվել:

Եվ Նա տեսնելով մարդու այդ անիրավ խորամանկությունը, բարկացավ և զանգակը զարհուրելի ղողանջյունով քաշեց, տարավ երկինք։ Ահա, այդ էր պատճառը, որ մարդիկ զրկվեցին անաչառ դատավոր երկնքի զանգակից։ Եվ այդ ժամանակվանից սկսած, իբրև աստուծո պատիժ, գոյություն առան և գնալով տարածվեցին մարդկանց մեջ անիրավությունը, անօրենությունը, ճնշումը, հալածանք և հազարավոր այդպիսի արատներն ու մեղքերը, որովհետև այնուհետև դատաստանն ընկնելով սխալական, անգութ և կաշառակեր մարդկանց ձեռքը, արդարը միշտ մեղավոր էր հանդիսանում, մեղավորը — արդար։

1882