Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղքատը նորից չոքած էր իր խրճիթի առաջ և ասում էր նույնը՝

— Տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի, տեր թագավոր, տուր ինձ հարյուր ոսկի:

Թագավորն այս որ լսեց, շատ զարմացավ:

Մոտեցավ աղքատին և հարցրեց.

— Այ մարդ, թագավորից այսօր քեզ համար փլավ չբերի՞ն:

— Բերին, շնորհակալ եմ։

— Կերա՞ր։

— Կերա։

— Ի՞նչ կար մեջը:

— Նուշ ու քիշմիշ:

— Ուրի՞շ:

— Խորոված գառան միս։

— Ուրիշ ոչի՞նչ։

— Ուրիշ ի՞նչ պետք է լիներ։

— Բոլորը կերա՞ր։

— Չէ, շատ էր։

— Մնացածը ի՞նչ արիր։

— Մի աղքատ հարևան ունեմ, ինձ պես աղքատ ու քաղցած. տարա տվի նրան, որ ուտի կշտանա։

Թագավորը մատը կծեց ու հեռացավ։

Երբ որ մոտեցավ երկրորդ աղքատի դռանը, տեսավ, որ նա երեկվա պես չոքած էր և այս անգամ աղոթքի մեջ այսպես է ասում.

— Տեր աստված, շնորհակալ եմ, որ լսեցիր աղոթքս և հարյուր ոսկի տվիր ինձ։

Թագավորն այս որ լսեց, սուս արավ ու հեռացավ։

Նա համոզվեց, որ խելոքն այս աղքատն էր, որ դիմել էր աստծուն և ոչ թագավորին:

1901