Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԱՊԸ ԿՏՐԱԾ ԿԻՆԸ
(Ֆելիետոն)

Շատ լիրբ էր երկրագործ Խաչանի Սանամը. գյուղում էլ երիտասարդ չէր մնացել, որի երեսին չժպտար, ինչ ժամանակ էլ որ մարդը տուն դառնար, կնոջը միշտ որևէ երիտասարդի հետ կտեսներ։ Ոչ խրատ, ոչ թակ — ոչինչ չէր ազդում Սանամին. նա իր էշն էր քշում։ Ճարը կտրած՝ Խաչանն այնուհետև առավոտները դուռը փակում էր կնոջ վրա և գնում իր բանին, բայց երբ երեկոները վերադառնում էր, դուռը բաց անում— տեսնում էր, որ կնոջ մոտ էլի մարդ կա։

Շատ, շատ մտածեց Խաչանը կապը կտրած կնոջը խելքի բերելու և, վերջապես, հետևյալ միջոցը հնարեց։

Մի առավոտ առավ իրենց մեծ սնդուկը, կնոջը նստեցրեց մեջը, խուփը ծածկեց, կողպեց, բանալին գրպանը գրավ, հետո սնդուկը շալակեց ոլ գնաց դաշտն աշխատելու։ Դաշտում մեկ ուզեց սնդուկը գետնին դնել, բայց մեկ էլ մտածեց, թե մի գուցե գութանի եզները հեռացած ժամանակ կինը հնար գտներ միջից դուրս գալու և փախչելու սիրեկանների մոտ, ուստի սնդուկը վայր չդրեց, այլ շալակին թողնելով առավ գութանի մաճն ու սկսեց վարել հողը։ Սնդուկն իր ծանրության տակ ճնշում էր նրան, մեջքը կոտրվում էր, ծնկները թուլանում էին, քրտինքը կաթ-կաթ ծորում էր նրա ճակատից, բայց և այնպես նա համբերությամբ տանում էր այդ տանջանքը։

Երբ ճաշ եղավ, արձակեց եզները, հետո սնդուկը վայր դրեց մեջքից, որ մի քիչ հանգստանա, հաց ուտի։ Կնոջն էլ հարկավոր էր բան տալ ուտելու։ Ու երբ այդ նպատակով բաց արավ սնդուկի դուռը, ապշած ետ-ետ գնաց։

Սնդուկի մեջ կնոջ կողքին նստած էր մի երիտասարդ...

Արդյոք սա խեղճ Խաչանի կասկածոտ երևակայության արդյունք էր, թե իրողություն — այս բանը բացատրել կարող են միայն կանայք...

1910