Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր թաղը

Պատմվածքների այս շարքը Նար-Դոսի գրական գործունեության առաջին շրջանի արգասիք է (1888—1894 թթ․)։ Սկզբում դրանք լույս են տեսել պարբերական մամուլում, հատկապես «Նոր դարում», որին երկար տարիներ աշխատակցում էր հեղինակը։ Այսպես՝ «Սաքուլն ուխտ գնաց», «Հոպոպ», «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Սև փողերի տոկոսը», «Ադամամութին» պատմվածքները 1889—1890 թթ․֊ի ընթացքում լույս են տեսել «Նոր դարում»։ 1889 թ․ «Հանդես գրական և պատմականում» լույս է տեսել «Ինչպես բժշկեցին» պատմվածքը։ Հետագայում այս պատմվածքները ի մի են բերվել մի ժողովածուում, «Մեր թաղը» խորագրով, և հրատարակվել 1926 թվականին, Արսեն Տերտերյանի առաջաբանով։

Զանազան պատմվածքներ

Այս բաժնի պատմվածքները նույնպես սկզբում հիմնականում լույս են տեսել «Նոր դարում»։ «Մինաս Փափախչյան»՝ 1887 թ., «Ես և նա»՝ 1889 թ, «Աղա Մարտինի պարիկը», 1890 թ., «Ամիրյանի տրագեդիան», 1891, «Ավետիս», 1894, «Նեղ օրերից մեկը»՝ 1904 թվականներին։ «Մի օր աշնանը» լույս է տեսել «Տարազ գեղափնջիկում, 1907 թ,, «Խմբագիրը»՝ «Նոր հոսանքում», 1913 թվականին, «Անհետ կորածը»՝ 1920 թ, «Աշխատավորում», իսկ «Վերջին մոհիկանները» լույս է տեսել «Լուսաբացում», 1930 թ-ին։