Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջիններս հարուստ են եղել, և նրանք, այդ աղջիկները, ամուսնանալուց հետո տարիների ընթացքում մոռացել են իրենց ստացած կրթությունը և միանգամայն գոհ իրենց բարեկեցիկ կյանքից, դարձել են նույն մեշչանուհիները, ինչ որ իրենց տգետ մայրերը, մորաքույրերը, հորաքույրերը և այլն»։

Այդ վիպակը ևս Նար-Դոսի այն երկերից է, որ ժամանակի ընթացքում հեղինակային վերամշակման-բարարեփոխման է ենթարկվել։ Վերջին անգամ այն լրջորեն վերամշակվել է գրողի երկերի առաջին ժողովածուի հրատարակության համար, որը լույս է տեսել 1933 թ.։

«Սպանված աղավնին»

1898 թվականին առաջին անգամ լույս է տեսել «Նոր դարում»։ 1901 թվականին լույս է տեսել առանձին գրքով։ 1913 թվականին հեղինակն այն վերամշակում է, սակայն հաջողվում է հրատարակությունը իրականացնել միայն 1928 թվականին։ Հետագա բոլոր հրատարակությունները, ինչպես և այս՝ իրականացվում է սույն տարբերակից։

Հեքիաթներ

Հեքիաթները նույնպես, ինչպես պատմվածքները, սկզբում լույս են տեսել պարբերական մամուլում։ Այսպես՝ «Ագահության սկիզբը», «Մարդու աչքը» և «Երկնքի զանգակը» լույս են տեսել «Նոր դարում», 1889 թվականին։ 1901 թվականին «Աղբյուրում» հրատարակվում է «Աստված և թագավորը», իսկ 1910 թվականին, «Փարոսում»՝ «Կապը կտրած կինը»։ Սրանք հեղինակն ինքը հեքիաթ չի անվանել, սակայն ըստ էության հեքիաթներ են, ժողովրդական հեքիաթների լավագույն մշակումներ։