Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


միջից՝ մարդու ցավագար ճպռոտ աչքերի պես։ Ամայի փողոցում մի փոքրիկ շուն կուչ էր եկել մի փակ դռան առջև, սրթսրթում էր ամբողջ մարմնով և կաղկանձում։

Նախշքար Դավիթը գնում էր տուն, մատների ծայրերը կապույտ արխալուղի գրպանները կոխած։ Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը և կարմիր աղլուխը, որ մի ծայրով պնդացրած էր կողքին կաշու գոտկից։ Ամբողջ հագուստը, սկսած գոտկից մինչև ոտնամանները, ծածկված էր ամեն գույնի ներկերի բծերով, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում սպիտակները։ Նա անցնում էր անհույս ու աննպատակ մարդու անորոշ քայլերով և քթի տակ մրթմրթում էր տրտունջի և հայհոյանքի պես մի բան։ Ցուրտ քամին ծեծում էր նրա մազակալ երեսը, փոշով ծածկում մորուքը, բեղերն ու թավ հոնքերը, ստիպում ծածկել աչքերը, սպառնում խլել գդակը, որ նա քաշել էր մինչև ականջները, և երբեմն-երբեմն գրոհ տալիս նրա վրա այնքան ուժգին, որ նա ակամա կանգ էր առնում և ամբողջ մարմնով առաջ թեքվում, որ ետ-ետ չգնա։ Բայց նա ոչինչ չէր զգում. զգում էր միայն մի բան — սիրուհու չափ տենչալի և մահվան չափ անդիմադրելի. զգում էր ծարավ, ոգելից խմիչքի անհուն ծարավ, որից լեզուն ցամաքել էր բերանում, որկորը քերվում էր, աղիքները գալարվում էին փորում և ամբողջ մարմինը կարծես զրկվել էր սովորական ջերմությունից։

Ամբողջ երեք շաբաթ էր, որ պարապ էր. գործ չկար, չէր ճարվում։ Ձմեռնամուտ էր. տուն շինողը շինել պրծել էր, վերանորոգողը՝ վերանորոգել պրծել, այլևս ոչ ոք նոր տուն չէր շինում, ոչ ոք հատակները, պատշգամբները, տանիքները ներկել չէր տալիս, պատերին նոր պաստառներ կպցնել չէր տալիս։ Նախշքարների բանի օրերը անցել գնացել էին։

Ամառվա և աշնան աշխատանքի փողն օր գալիս էր, օր գնում։ Այժմ — ոչ մի սև գրոշ գրպանում, որ աչքը կոխեր։ Իսկ այսօր առաջին անգամն էր, որ բերանը մի կաթիլ անգամ չէր առել, ոչ արաղից, ոչ գինուց։ Մի ամբո՜ղջ օր... Խենթանալու բան էր այդ, և նա անկեղծ կերպով զարմանում էր, որ մինչև այժմ դեռ խելքը չէր կորցրել կամ չէր մեռել։ Այնինչ մինչև այսօր, մինչև այս տաժանելի մի օրը, ամբողջ